Popular Posts

Friday, December 16, 2011

Ռուսաստանը ԱՀԿ-ի անդամ


Ռուսաստանը պաշտոնապես անդամակցում է Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ), և այդ կապակցությամբ հինգշաբթի՝ դեկտեմբերի 16–ին Շվեյցարիայի Ժնև քաղաքում ստորագրվեց համապատասխան արձանագրություն, որն, ի դեպ, ստորագրվել է որոշակի բացառությամբ՝ արձանագրության դրույթները չեն վերաբերելու ԱՄՆ–ի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական հարաբերություններին։
Այն ռուսական կողմից ստորագրել է ՌԴ տնտեսական զարգացման նախարար Էլվիրա Նաբիուլինան, իսկ ԱՀԿ-ի կողմից` կազմակերպության գլխավոր տնօրեն Պասկալ Լամին: Ռուսաստանը ԱՀԿ լիիրավ անդամ կդառնա ոչ ուշ, քան 2012թ. ամռանը։
Ավելի վաղ ԱՀԿ-ի անդամ երկրների նախարարները հավանություն էին տվել փաստաթղթերի ամբողջական փաթեթին, ներառյալ ՌԴ պարտավորությունները` ապրանքների և ծառայությունների շուկայի մուտք ապահովելու մասով:
ՌԴ նախագահ Դ. Մեդվեդևը և ԱՄՆ նախագահ Բ. Օբաման վստահություն են հայտնել, որ Ռուսաստանի կողմից ԱՀԿ-ին անդամակցելը նոր հիմք է ստեղծում երկկողմ տնտեսական, առևտրային և ներդրումային համագործակցության զգալի զարգացման համար: Այս մասին հաղորդում է korrespondent-ը հղում կատարելով Կրեմլի մամլո ծառայությանը:
ԱՄՆ և ՌԴ նախագահները նաև շեշտել են երկկողմ հարաբերությունների զարգացման դրական դինամիկայի ապահովման կարևորությունը:Հիշեցնենք, որ ԱՀԿ-ին անդամակցելու համար ՌԴ-ն պայքարում էր սկսած 1993 թվականից:
Խանգարող հանգամաքներից մեկը 1974 թվականին ԱՄՆ ղեկավարության կողմից ընդունված Ջեքսոն-Վենիկի ուղղումն էր, որը սահմանափակում էր սոցիալիստական դաշինքի երկրների հետ առևտուրը:
Ջեքսոն-Վենիկի ուղղումը արգելում էր առավել բարենպաստ պայմաններով առևտրի ռեժիմ սահմանել, պետական վարկեր և վարկային երաշխիքներ տրամադրել այն երկրներին, որոնք խախտում կամ խիստ սահմանափակում են իրենց քաղաքացիների արտագաղթի իրավունքը: Ներկայում ուղղումը ֆորմալ առումով դեռևս գործում է ԽՍՀՄ-ի իրավահաջորդ պետությունների համար: 1989 թվականից ԱՄՆ-ն ամեն տարի ուղղման իրագործման վրա կասեցում էր կիրառում, սակայն Կոնգրեսը պաշտոնապես այն չեղյալ չի համարել:
Հիշեցնենք նաև, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել էր, որ Կոնգրեսի հետ խորհրդատվություններ կսկսի ` Ջեքսոն-Վենիկի ուղղումը չեղյալ հայտարարելու հնարավորության վերաբերյալ:
«Ջեքսոն-Վենիկի ուղղման վերացումը մոտակա մի քանի ամսում իրականացող խնդիր է», - այս մասին հայտարարել է ՌԴ առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը:

No comments:

Post a Comment