Popular Posts

Friday, December 16, 2011

ԲՀԿ-ն 2013թ. Ս.Սարգսյանի թեկնածությունն է պաշտպանելու և չի բացառում միասնական ցուցակը?

«ԲՀԿ-ում «Հայբուսակ» համալսարանի ռեկտոր Անահիտ Հարությունյանի հայտարարության հետ կապված որևէ քննարկում չի եղել»,- երեկ «168 ժամ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԲՀԿ մամլո խոսնակ Բաղդասար Մհերյանը: Թերթը հիշեցնում է, որ Ա. Հարությունյանը նախօրեին հայտարարել էր, որ եթե ԲՀԿ-ն նախագահական ընտրություններում չպաշտպանի Սերժ Սարգսյանի թեկնածությունը, ինքը դուրս կգա կուսակցությունից: Բ. Մհերյանի խոսքերով` այդ մասին խոսակցություն չի եղել նաև ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ, որովհետև նա Հայաստանում չէ: Թերթի տեղեկություններով` այդ հայտարարությունից հետո ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը զանգահարել է Ա. Հարությունյանին և պարզաբանում է պահանջել: Ա. Հարությունյանն էլ իբրև թե զարմանալով` մոտավորապես պատասխանել է, թե իր մտքով երբեք չի անցել, որ ԲՀԿ-ն Սերժ Սարգսյանին չի պաշտպանի: Քաղաքական շրջանակներում տարածված խոսակցությունների համաձայն` Ա. Հարությունյանի միջոցով իշխանությունները փորձում են ճնշել ԲՀԿ-ին` Ս. Սարգսյանին նախագահական ընտրություններում պաշտպանելու մասին հայտարարություն ստանալու նպատակով: Խոսակցություններ կան, որ այդ ճնշումները շարունակվելու են ձերբակալությունների, հայտարարությունների, ստուգումների, ընդհուպ` մինչև` ԲՀԿ-ից գործարարների դուրս գալու տարբերակներով:
Այս թեմայով «168 Ժամ»-ի հարցերին պատասխանել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը, որը ներկայացնում ենք հատվածաբար:

-Իսկ Ձեր կուսակցությունում Ա. Հարությունյանի նման շատե՞րն են մտածում, որ նախագահական ընտրություններում պետք է անպայման պաշտպանեք Ս. Սարգսյանին, հակառակ դեպքում դուրս կգան կուսակցությունից:
-Ես գիտեմ, որ մենք կոալիցիոն հուշագիր ստորագրած քաղաքական ուժ ենք, և ես հասկանում եմ, որ այս պահի դրությամբ դա գտնվում է ուժի մեջ: Ու դրա հետ կապված այլ մեկնաբանություններ չեմ ուզում տալ: Մենք ստորագրել ենք այդ փաստաթուղթը: Սա է իրողությունը:
-Այդ փաստաթղթից ելնելով կարելի՞ է միանշանակ ասել, որ ԲՀԿ-ն 2013թ. Ս.Սարգսյանի թեկնածությունն է պաշտպանելու։
-Ես այդպես եմ մտածում։
-Պարոն Բոստանջյան, առաջիկա ընտրություններում ԲՀԿ-ն ձգտում է ավելացնե՞լ իր ձայների քանակը, թե՞ հավատարիմ է մնալու կոալիցիոն հուշագրին: Դրանք հակասում են միմյանց:
-Չեն հակասում: Քաղաքական ուժը ձգտում է մաքսիմալի և, որպես հուշագիր ստորագրած կուսակցություն, ունենք պարտավորություններ` ընտրություններին միմյանց նկատմամբ չկիրառել անթույլատրելի մոտեցումներ:
-Այսինքն` միմյանց հաշվին չավելացնել հարաբերակցությունը:
-Մի ասա` հարաբերակցություն:
-Բայց կոալիցիոն հայտարարության մեջ է այդպես գրված: 
-Ասա` միմյանց հաշվին չուզենալ ավելի գերակա ներկայանալ:
-Իսկ հնարավոր համարո՞ւմ եք կոալիցիոն կուսակցություններով ընտրություններին միասնական ցուցակով մասնակցելը:
-Եթե միասնական ցուցակը իմ երկրին, մեզ բոլորիս բերելու է կայունություն, հանդարտություն, հանդուրժողականություն, թող լինի: Դա ինքնանպատակ մի երևույթ չէ, երկրի բարեկեցության, կայունության, անվտանգության համար ցանկացած մոտեցում արդարացի կլինի: 
-Կարծիքներ են հնչում, թե իշխանությունները փորձում են այնպիսի իրավիճակ ստեղծել, որ ԲՀԿ-ն ու Գ. Ծառուկյանն իրենք ստիպված Ս. Սարրգսյանին առաջարկեն ԱԺ ընտրություններին մասնակցել միասնական ցուցակով:
-Ես պարզապես նման հարցերին միշտ այսպես եմ պատասխանում` ոչ մի բան բացառված չէ:

No comments:

Post a Comment