Հայկական մամուլում վերջին շրջանում հաճախակի են դարձել հրապարակումները, որոնցում նշվում է, որ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն «անկումային տրամադրությունների» մեջ է: Ըստ հրապարակումների, Գալուստ Սահակյանը ցանկացել է զբաղեցնել ԱԺ նախագահի պաշտոնը, Հովիկ Աբրահամյանի հեռանալուց հետո: Ընդհանրապես, խոսվում է այն մասին, որ Գալուստը մտերմիկ հարաբերություններ ունի Հովիկի հետ եւ «ծանր» է տարել նրա պաշտոնանկությունը: Նշվում է նաեւ, թե այս պատճառով նա կորցրել է Սերժ Սարգսյանի վստահությունը եւ հնարավոր է՝ դուրս մնա խորհրդարանի առաջիկա ընտրության ՀՀԿ ցուցակից:
Ինքը՝ Գալուստ Սահակյանը, ժամանակին հերքել է իր ԱԺ նախագահ դառնալու հավանականությունը եւ նաեւ հայտարարել, թե աշխատել է ԱԺ բոլոր նախագահների հետ, ելնելով ոչ թե անձնական, այլ գործնական հարաբերություններից: Գալուստը նաեւ գործով է դա ապացուցել: Չի եղել մի դեպք, երբ Գալուստը դեմ գնար կուսակցության գծին, եւ նաեւ կարծես թե չի արձանագրվել դեպք, երբ նա «տակից» գործեր, ինչպես իր կուսակիցներից շատերը: Ճիշտ է, եղավ մի պահ, երբ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը սկսեց «անհատապես» աշխատել հենց ՀՀԿ որոշ անդամների, այդ թվում Գալուստ Սահակյանի հետ, սակայն այդ «տակտիկան» տապալվեց: Ավելին, Գալուստը նույնիսկ հրապարակավ քննադատեց Ռոբերտ Քոչարյանին: Թերեւս միակը ՀՀԿ-ից, ով դիմեց նման «քաջության»: Բացի այդ, նա նաեւ հայտարարում է բաներ, որը հանձն չեն առնում իր կուսակիցները:
Այնպես որ, դժվար է ասել, արդյոք նրա «տխրությունը» այդ ամենի հետեւանք է, թե մամուլն է դա վերագրում նրա «տխրությանը»: Չի բացառվում նաեւ, որ Գալուստին որոշել են մի լավ «տխրեցնել»:
Գալուստ Սահակյանը, սակայն, տխրելու բան իսկապես ունի, անկախ վերը նշված պատճառներից: Այդ պատճառներն ընդամենը «հետեւանք» են այն իրողությունների, որ ներկայում կան Հայաստանում, ավելի ճիշտ՝ այդ իրողությունների համար միշտ էլ պատճառ կգտնվի: Իսկ իրողությունն այն է, որ ՀՀԿ ցուցակում կարծես թե չեն լինելու ոչ միայն բիզնեսն ու կրիմինալը, այլեւ այսպես կոչված «քաղաքական թեւը», որին էլ պատկանում է Գալուստ Սահակյանը: Գալուստը թերեւս լավ է հասկանում, որ իր հարազատ կուսակցությունը, նրա «քաղաքական թեւի» թողտվությամբ, վաղուց վերածվել է կրիմինալի ու քրեականացված բիզնեսի քաղաքական ցուցանակի, եւ այդպիսով դարձել ժամանակավրեպ: Եւ որ այդ քաղաքական թեւի վրա է ընկնում ողջ պատասխանատվությունը թե կուսակցության ներկայիս վիճակի, թե նաեւ երկրում հաստատված կարգերի համար:
Չէր կարելի ամեն գնով վերցնել «բացարձակ մեծամասնություն»: Դա հետո բերում է տխուր հետեւանքների թե տվյալ կուսակցության, թե պետության համար: Գալուստ Սահակյանը խելացի մարդ է եւ հասկանում է, որ գնալու ժամանակն է: Իսկ հեռանալն իր մեջ միշտ էլ տխրություն, թախիծ է պարունակում:
No comments:
Post a Comment