Popular Posts

Saturday, December 10, 2011

Մեր ցուցակում չի լինի հանցավոր անցյալով մարդ


«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն առաջիկայում հանրությանը կներկայացնի այլընտրանքային ծրագիր: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացեց կուսակցության վարչության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը: Ըստ նրա, նշված ծրագրով իրենք ներկայացնելու են, թե ինչպես պետք է երկիրն այս վիճակից հանել:
«Այսօր Հայաստանի Հանրապետության քաղաքական համակարգը, իմ խորին համոզմամբ, ամբողջովին չաշխատող, փտախտային վիճակում է: Հանրության շահը որևիցե քաղաքական ուժ, մեր պատկերացմամբ, ազատական գաղափարախոսության տեսակետից չի ներկայանում: Մենք փորձելու ենք այդպես մտածող մարդկանց, այդ տիպի քաղաքական ուժերին համախմբել և միասին առաջ գնալ»,- ընդգծեց Քոքոբելյանը:
Հարցին, թե ի՞նչ ցուցակով է կուսակցությունը մասնակցելու ապագա խորհրդարանական ընտրություններին, Խաչատուր Քոքոբելյանը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ որևիցե քաղաքական ուժ այս պահին հստակեցրել է, թե ինչ ցուցակով է գնալու ԱԺ: Հատկապես, որ դա ամենօրյա գործընթաց է: Կարող եմ միայն հստակ ասել, որ մեր ցուցակում և մեր ընդհանուր ճակատում չի լինելու որևէ մարդ, ով ունի հանցավոր անցյալ կամ մարդ, ով զբաղվել է հանրության համար անընդունելի գործողություններով»:
Ըստ նրա, «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն ամեն ինչ անելու է, որպեսզի «առաջին հերթին երկրում մրցակցություն ապահովվի, որպեսզի սովորական քաղաքացին հնարավորություն ունենա իրացնելու իր մտքերը, իր մոտեցումները»:
Իսկ այն հարցին, թե ՀԱԿ-ին իրենց մրցակից համարո՞ւմ են, հատկապես որ նրանք էլ հայտարարում, որ ազատական գաղափարախոսություն ունեն, Քոքոբելյանը պատասխանեց. «Բազմիցս նրանք հայտարարել են, որ իրենք ազատական ուժ չեն: Նրանք ուրիշ՝ սոցիալ-դեմոկրատական գաղափարական դաշտում գործող ուժ են: Դա իրենք են ասել, ծայրահեղ դեպքում իրենց լիդերները: Բայց բոլոր քաղաքական ուժերին մենք մրցակից համարում ենք»: Ըստ նրա՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն արդեն ունի 3500 անդամ:

No comments:

Post a Comment