Popular Posts

Friday, December 2, 2011

Բանակը պատերազմական իրավիճակում է գործում


Հայկական և ադրբեջանական զինված ուժերի շփման գծում 2011թ. նոյեմբերի 1-ից 30-ն Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 1150 անգամ: Այս մասին տեղեկացնում է Պաշտպանության նախարարությունը։  Հայաստանի Հանրապետության սահմանին գրանցվել է Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման ավելի քան 200 դեպք: ԼՂՀ պաշտպանության բանակից ստացված տվյալների համաձայն` նշյալ ժամանակահատվածում Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 950 անգամ:
Հրադադարի խախտումների ժամանակ ադրբեջանական կողմը կրակել է տարբեր զինատեսակներից, այդ թվում` դիպուկահար զինատեսակներից ավելի քան 300 անգամ: Հայկական զինված ուժերը խստորեն պահպանում են հրադադարի ռեժիմը և պատասխան գործողությունների են դիմում ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Հայկական զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը հակառակորդի հետ շփման գծում: 

համաձայն ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանի "մենք գտնվում ենք պատերազմական իրավիճակում: Պատերազմն ավարտված չէ՝ հրադադար է հայտարարված եւ ամեն ինչ պետք է դիտարկել այդ տրամաբանության մեջ:  Պետք է հասկանանք, թե որ կողմն է խախտում հրադադարը, եւ ո՞ր կողմն է շահագրգռված դրանում: Պարզ ու ակնհայտ է, որ Ադրբեջանը, որովհետեւ Հայաստանը եւ Ղարաբաղը լուծել են իրենց խնդիրը՝ հաղթել են պատերազմում, որը սկսել է Ադրբեջանը։
Այսօր Ղարաբաղն ազատագրված է, անվտանգության գոտին ստեղծված է եւ Հայաստանը Ղարաբաղի հետ միասին խնդիր չունի պատերազմ վերսկսելու կամ զինադադարը խախտելու:
Ադրբեջանական կողմը շահագրգռված է. նա խնդիր ունի վերադարձնել Ղարաբաղը, կամ նվազագայունը' հարակից տարածքները: Նման քայլերով Ադրբեջանը ճնշում է գործադրում Ղարաբաղի եւ Հայաստանի վրա' միշտ լարվածության մեջ պահելով զորքին ու բնակչությանը, եւ ստեղծելով պատերազմական մթնոլորտի պատրանք' նպաստել արտագաղթին: Դրա համար Ադրբեջանը սպառազինվում է, հայտարարել է սպառազինության մրցավազք, պարբերաբար խախտում է  զինադադարը եւ հայկական կողմի ու նաեւ միջազգային հանրության առաջարկները' դիպուկահարներին շփման գոտուց հանելու վերաբերյալ, չի ընդունում":  Դիվանագիտական դաշտում պաշտոնական Երեւանը պետք է կտրուկ պատասխաններ տա, ինչը չի արվում: Օրինակ, Ադրբեջանը սպառազինվում է եւ խախտում «Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին» պայմանագիրը, հայկական կողմն ըստ այդ պայմանագրի, պետք է հրավիրի արտահերթ կոնֆերանս, ընդ որում՝ այն փաստը, որ Ադրբեջանը մի քանի անգամ գերազանցում է պայմանագրով սահմանված քվոտաները, ապացուցման կարիք չունի, բոլորը գիտեն եւ այդ մասին բարձր ամբիոններից  հայտարարել են անգամ միջազգային կառույցների ներկայացուցիչները:
Նույն ադրբեջանական պաշտոնական կայքերում էլ տեղադրված է իրենց սպառազինության վերաբերյալ տեղեկություններ: Ակհայտ է, որ հայկական կողմը պետք է հստակ գործի, ստիպելով այլ պետություններին, համանախագահ երկրներին, այդ պայմանագրի անդամ պետություններին, որպեսզի նրանք ճնշում գործադրեն Ադրբեջանի վրա, որ նա դադարեցնի սպառազինության մրցավազքն ու պահպանի կնքված զինադադարը:
Եթե այդ կոնֆերանսը չբերի ցանկալի արդյունքի, Հայաստանը պետք է դադարեցնի անդամակցությունն այդ պայմանագրին եւ թույլ չտա իր տարածքում անցկացնել ստուգումներ, ու առաջին հերթին դա պետք է անել Թուրքիայի հանդեպ: Ի դեպ, պայմանագրին անդամության սառեցումն ու կասեցումը եւս կարգավորվում է պայմանագրով:

No comments:

Post a Comment