Popular Posts

Wednesday, December 7, 2011

Ո՛Չ ԴՈԴԱՑՄԱՆԸ, Ո՛Չ ՌՈԲՈՏԱՑՄԱՆԸ, Ո՛Չ ՍԵՐԺԱՆՏԱՑՄԱՆԸ


Քրեաօլիգարխիկ ռեժիմի դեմ պայքարը Հայաստանում իսկապես բարդ է ու դժվարին, բայց ոչ այն պատճառով, որ ռեժիմն ուժեղ է, դաժան, անխնա, իսկ պայքարողները` թույլ, անհետևողական ու անսկզբունք: Իրականում ռեժիմն ամենևին էլ անհաղթ չէ, իրականում այդ համակարգի դեմ խաղ կա, և խաղացողներն էլ ամենևին անհետևողական ու անսկզբունք չեն, ինչպես կարող է հաճախ թվալ: Պարզապես Հայաստանում խախտված են սահմանները և ամեն ինչ այնքան է լղոզված, որ շատ հաճախ է խառնվում իրար, ինչի շնորհիվ էլ քրեաօլիգարխիկ համակարգը շարունակում է պահել իրեն: Ու ոչ միայն սահմանները խախտված են, այլ ինչ-որ ժամանակ անցնելուց հետո, ըստ էության, պարզ է դառնում, որ սահմաններ կարծես թե չկան էլ, և չես էլ զգում, թե ինչպես մի մասից անցար մյուսը, մի ափից անցար մյուս ափ կամ մի դիրքից անցար դեպի մյուս դիրքը:


Խնդիրը Հայաստանում սա է, ոչ թե ինչ-որ մարդկանց կամ խմբերի դիրքերի հաճախակի փոփոխությունը: Փոփոխություն չկա, պարզապես քանի որ չկան կամ ջնջված են սահմանները, ամեն ինչ որոշակի պարբերականությամբ խառնվում է իրար և մնում է ընդամենը ընդհանուր գորշությունն ու հերթական հուսահատությունը: Ներկայումս մենք կարծես թե գտնվում ենք այդ ցիկլային պտույտներից հերթականի մեջ, և կարծես թե կատարել ենք մի պտույտ ևս:

Այստեղ սարսափելի, վտանգավոր կամ ողբերգական բան չկա: Ողբերգականն ու սարսափելին ընդամենը այն կարող է լինել, որ հազարերորդ անգամ մենք չենք անի անհրաժեշտ հետևություններ և չենք հասկանա բուն խնդիրը, այն ծնող պատճառները, թե ինչու է մեզ միշտ թվում, որ վերջապես առաջ ենք շարժվում, բայց մեկ էլ հանկարծ հետ նայելով` տեսնում ենք, որ ընդամենը դոփել ենք տեղում և դոփել ենք մեր իսկ վրա: Սակայն հենց այդ պտույտներն էլ մեզ պետք է օգնեն աստիճանաբար հասկանալ այդ իրողությունն ու քայլ առ քայլ գիտակցել խնդիրը, ֆիլտրել բուն խնդրից շեղող հանգամանքները և երևույթներն ու կենտրոնանալ հենց բուն խնդրի վրա:

Հայաստանի հասարակությունը, Հայաստանի քաղաքացին այսօր այդ ֆիլտրացիայի ուղու վրա է և դանդաղ, հաճախ տեղապտույտով, բայց առաջ է շարժվում: Առաջ է շարժվում` հստակեցնելով սահմանները, այսպես ասած, յուրօրինակ դեմարկացիա անելով իր և իրականության, իր պատկերացումների և իրողությունների միջև, ստիպելով շրջապատին, ինչպիսի քաղաքական բևեռ էլ այն լինի, ճանաչել հենց իր գծած քաղաքացիական սահմանները:

Ահա հենց դա է երևի թե պատճառը, որ այսօր քաղաքացու այդ դեմարկացիոն գծից շեղվողները հայտնվում են անմիջապես սահմանից այն կողմ, իսկ այս կողմում քաղաքացին է՝ իր իրավունքի համար պայքարող, հաստատուն կանգնած, սահմանները հստակ պատկերացնող և դրանց անձեռնմխելիության խնդրի վրա կենտրոնացած քաղաքացին, որն այսօր միայնակ շատ դժվար է կարողանում լուծել քաղաքացիական սահմանների անվտանգության հարցը, հասկանալով, որ Հայաստանի քաղաքացիական ապագան հստակ սահմաններն են, ոչ թե անորոշ ճանապարհային քարտեզները:

1 comment:

  1. Աշխարհում յուրաքանչյուր արժեքավոր երևույթ կամ նվաճում զարգանում, կայանում և դառնում է այդպիսին միայն դժվարությունների ու փորձությունների միջով անցնելու ճանապարհով: Ոչինչ այդքան ուժ, եռանդ ու միասնություն չի պահանջում, որքան իրերի ու հարաբերությունների նոր կարգ հաստատելը: Դա նաև դժվար է այն պարզ պատճառով, որ մարդիկ բնությունից ստեղծված են այնպես, որ հավատում են այն ամենին, ինչը կա, գոյություն ունի ու տեսանելի է, և դժվար են հավատում նրան, ինչը դեռ նոր պետք է գոյանա: Հին կարգերը միշտ ունեն իրենց պաշտպանող գործոնները, այդ թվում` ոչ իրավական օրենքը և բռնությունը: Այնպես որ երևի թե Հայաստանի համար էվոլյուցիոն ճանապարհով զարգացումը արդեն ապացուցել է իր անարդյունավետությունը: Ինչ մնում է սահմանների անորոշությանը, ապա դրանք անորոշ են որովհետև քաղաքական դաշտում եղածները որոևէ նոր բան չեն առաջարկում, բոլորի գաղափարախոսությունը, եթե այդպիսին կարող է համարվել, շատ նման է միմյանց, ու չկա որևէ երաշխիք, որ դա կիրագործվի:

    ReplyDelete