ՀՀ նախագահի մամլո ծառայությունը տեղեկություն է հրապարակել, որ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 7-ին այցելելու է Մարսել: Նույն այցի մասին Les Nouvelles d’Armenie-ն հայտնել է, որ Մարսելում Սերժ Սարգսյանը կարևոր հայտարարություններ է անելու: Սերժ Սարգսյանի այցի առիթը Եվրոպայի Ժողովրդական կուսակցության պետական ղեկավարների հավաքն է:
Ինչպես հայտնի է, Հանրապետական կուսակցությունը պատրաստվում է անդամակցել ԵԺԿ-ին: Այդ կուսակցությանը Հայաստանից պատրաստվում են անդամակցել նաև ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը և «Ժառանգությունը»: Սակայն էականն, իհարկե, այն է, թե ինչ կարևոր հայտարարություններ է Սերժ Սարգսյանը պատրաստվում անել Ֆրանսիայում:
Հետաքրքրական է և հատկանշական, որ վերջին շրջանում Ֆրանսիան Հայաստանի համար կարծես դարձել է կարևոր հայտարարությունների ամբիոն, հարթակ, այսպես ասած` յուրօրինակ «ինֆորմացիոն հովանավոր»: Հայաստանն այդ «հովանու» ներքո հայտարարեց էներգետիկ այլընտրանքների որոնման, Եվրամիության էներգետիկ նախագծերի մաս կազմելու հավակնությունների մասին, իսկ Ֆրանսիան էլ հայտարարեց, թե ամեն հարցում Հայաստանի կողքին է և պատրաստ է աջակցել:
Ինչ համատեքստում են լինելու Սերժ Սարգսյանի նոր հայտարարությունները՝ Հայաստանի ներքին քաղաքականությա՞ն, տնտեսությա՞ն, թե՞ արտաքին հարաբերության՝ մասնավորապես Ղարաբաղի հարցի և հայ-թուրքական գործընթացի: Այս տեսանկյունից հատկանշական է, որ Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբում փոխում է իր համանախագահին, իսկ հայ-թուրքական ուղղությամբ հատկանշական է, որ Ֆրանսիան օրերս հայտարարեց հայ-թուրքական պատմաբանների հանձնաժողովի համար հանդիպումների և քննարկումների հարթակ լինելու պատրաստակամության մասին: Արդյոք Սերժ Սարգսյանը պատասխանելո՞ւ է Ֆրանսիայի այդ առաջարկին: Եվ ի՞նչ է պատասխանելու՝ հայտնելու է Հայաստանի պատրաստակամությո՞ւնը, թե՞ մերժելու է` ներկայացնելով որոշակի պայմաններ, որի դեպքում միայն Հայաստանը կարող է քննարկել այդ հարցը:
Հնարավոր է, որ Սերժ Սարգսյանի հայտարարություններն առնչվելու են ներքին բարեփոխումներին: Սակայն ինչ կարող է ավելացնել Սարգսյանն այն ամենին, ինչը արդեն իսկ հնչում է թե իր, թե վարչապետ Տիգրան Սարգսյանի շուրթերից: Դրանից ավելի ի՞նչ կարող է ասել Սարգսյանը: Իսկ եթե դրանից ավելի առարկայական ոչինչ չի ասվում, ապա այդտեղ հազիվ թե հնարավոր է ինչ-որ կարևոր բան ակնկալել: Չի բացառվում, որ Սերժ Սարգսյանը հայտարարություն անի որևէ խոշոր ֆրանսիական ներդրման վերաբերյալ, Հայաստանի տնտեսության որևէ ռազմավարական կարևորության բնագավառում: Թեև, մեծ հաշվով, Հայաստանի իշխանության պարագայում հայտարարությունները, անկախ դրանց կարևորությունից, կարծես թե շատ քիչ բան են նշանակում, որովհետև դրանցից հետո հանրությունը սովորաբար շատ երկար է սպասում կոնկրետ գործողությունների, սակայն այդպես էլ չի դառնում դրանց ականատես:
Եվ բացի այդ, այստեղ կա նաև մի նրբերանգ: Այն է` ինչն է կարևոր Հայաստանի քաղաքացու համար, ինչ է նա ուզում լսել Հայաստանի նախագահից՝ լինի դա Հայաստանում, թե արտերկրի որևէ ամբիոնում, և ինչն է կարևոր արտերկրի հայության համար, արտերկրի մամուլի համար: Այդ տեսանկյունից ամենևին չի բացառվում, որ այն, ինչ Les Nouvelles d’Armenie-ն կարևոր ասելով նկատի ունի, Հայաստանի քաղաքացու սպասումների տեսանկյունից լինի շատ սովորական և արարողակարգային մի հայտարարություն:
No comments:
Post a Comment