Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեն կարծում է, որ Հայաստանն Աջարիայի Ինքնավար Հանրապետության (Վրաստան) հետ կապող ուղիղ ավտոճանապարհի կառուցումը կարող է լուրջ ժողովրդագրական խնդիրներ ստեղծել Վրաստանի համար։ «Այդ նախագիծը կարող է ժողովրդագրական խնդիրներ ստեղծել Վրաստանի համար»,– վրացական «Ասավալ դասավալի» պարբերականի հետ զրույցում ասել է Շևարդնաձեն։
Ինչպես նշում է վրացական Apsny.ge կայքը, անցած շաբաթ Վրաստան կատարած այցի ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վրաստանցի իր գործընկերոջ հետ քննարկել էր նաև այդ ճանապարհի կառուցմանն առնչվող հարցեր։
Երկու երկրների նախագահները պայմանավորվել էին արագացնել այդ ճանապարհի կառուցման գործընթացը, որը Գոդերձի լեռնանցքի միջով Հայաստանն ու Բաթում քաղաքն իրար է կապելու։
Սաակաշվիլին հավելել էր, որ նոր ճանապարհը մեծացնելու է Վրաստան այցելող հայ զբոսաշրջիկների թիվը։
Իսկ ահա Վրաստանի նախկին նախագահը մտավախություն ունի, որ հայերի հոսքի պատճառով Աջարիայի ժողովրդագրական պատկերը կփոխվի։ «Նայեք Աբխազիային, այնտեղ հայերն ավելի շատ են, քան աբխազները»,– ասել է նա։
Շևարդնաձեն նաև չի բացառել, որ Վրաստանի իշխանությունները զիջման կգնան և Հայաստանին կվերադարձնեն Վրաստանի տարածքում գտնվող այսպես կոչված «վիճելի եկեղեցիները» (որոնց պատկանելության շուրջ վիճում են վրացական և հայկական կողմերը)։
No comments:
Post a Comment