Popular Posts

Friday, December 2, 2011

Սաակաշվիլի ներումը


Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, Իսրայելի նախագահի և կառավարության խնդրանքով, ներում է շնորհել Վրաստանում ազատազրկման դատապարտված իսրայելցի գործարարներին։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, դատարանը նրանց մեղավոր էր ճանաչել Վրաստանի քրեական օրենսգրքի 339 հոդվածի 3–րդ կետի հատկանիշներով՝ «պետական ծառայողներին կաշառք տալը»։
«Այսօր՝ դեկտեմբերի 2–ին, Վրաստանի նախագահը,  Իսրայելի կառավարության և անձամբ նախագահի խնդրանքով, ինչպես նաև մարդասիրական նկատառումներից ելնելով և հաշվի առնելով դատապարտյալների տարիքն ու առողջական վիճակը, որոշում է ընդունել ներում շնորհել նրանց»,–վրացական GHN գործակալության հաղորդմամբ՝ ասել է Վրաստանի նախագահի մամուլի խոսնակ Մանան Մանջգալաձեն։
Թբիլիսիի քաղաքային դատարանը իսրայելցի գործարարներ Ռոնի Ֆուկսին և Զեևա Ֆրենկելին համապատասխանաբար 7 և  6 տարվա ազատազրկման էր դատապարտել։ Բացի այդ, Զեևա Ֆրենկելը պարտավորվել էր 100 000 լարիի չափով տուգանք վճարել, իսկ Ֆուկսը՝ 500 000։
Հիշեցնենք, որ 2010թ հոկտեմբերին իսրայելցի գործարարներ Ռոնի Ֆուկսը և Զեևա Ֆրենկելը ձերբակալվել էին Բաթումի հյուրանոցներից մեկում՝ Վրաստանի ֆինանսների նախարարի տեղակալ Ավտանդիլ Խարաիդձեի հետ հանդիպման ժամանակ։
Հետաքննության տվյալներով՝ իսրայելցի գործարարները Խարաիդձեին 7 մլն դոլար կաշառք էին առաջարկել՝ դրա փոխարեն պահանջելով հրաժարվել Լոնդոնի միջնորդական դատարանի որոշումը բողոքարկելուց։ 2010 թ. փետրվարի 28–ին դատարանը Վրաստանի իշխանություններից պահանջել էր Tramex International Inc ընկերության օգտին 98 մլն դոլար վճարել։ Իսկ այդ ընկերության սեփականատերերը հենց իսրայելցի վերոնշյալ գործարարներն են։

No comments:

Post a Comment