Popular Posts

Monday, December 19, 2011

«Հայրենակցական միությունների գործունեությունն ավելի շատ քաղաքական մակարդակի է հասնում»


Հայրենակցական միությունների իրական խնդիրը պետք է լինի տվյալ տարածաշրջանի սոցիալ-տնտեսական, մշակութային և նույնօրինակ կարգի այլ խնդիրներ լուծելու համար ջանքերը միավորելը, մինչդեռ Հայաստանում դրանք բոլորովին այլ դերակատարություն են իրականացնում. ավելի շատ քաղաքականությամբ են զբաղվում-նման տեսակետ հայտնեց ազգագրագետ Ռաֆայել Նահապետյանը: 


«Որքանով նկատում եմ՝ այդ կառույցները մեր երկրում խառնվում են քաղաքականությանը, քարոզարշավներ են իրականացնում՝ ընտրություններից առաջ իրենց կողմնակիցներին օգնելով շատ թվով ձայներ հավաքել: Այսինքն՝ հայրենակցական միությունների գործունեությունն ավելի շատ քաղաքական մակարդակի է հասնում: Օրինակ՝ հայաստանյան այդպիսի կառույցներից ամենազորեղը «Նիգ Ապարան» հայրենակցական միությունն է: Ընտրություններից առաջ տուն առ տուն, շունչ առ շունչ նրանք արդեն իրենց գործերն են տեսնում: Բայց մինչև հայրենակցական միությունների մակարդակով առկա գործոնից չձերբազատվենք և համընդհանուր ջանքերը չուղղորդվեն համաժողովրդական այդ նպատակին, Հայաստանն առաջընթաց չի ապրի:

Մեր երկրում ասում են՝ այսինչը այսպիսի արտոնություններ ունի: Կոնկրետ օրինակը՝ Սամվել Ալեքսանյանը ամբողջ քաղաքը դեղատներով է լցրել, նրան ոչ ոք «կպնել» չի կարող: Մինչև ժողովրդի մեջ հավատը չկայունանա, խնդիրներ միշտ էլ կլինեն: Կլանայնության հանդեպ անվստահությունն այսօրվա ամենամեծ խնդիրն է: Եթե մեր իշխանությունները կարողանան ինչ-որ չափով կլանայնության «դեմն առնել», արդարություն հաստատել, ապա խնդիրներն ավելի քիչ կլինեն: Սա առաջնային խնդիր է: Ամեն մի թիզ հողը, ամեն մի բանը կիսված ու բաժանված է մի քանի մարդու միջև, ոչինչ չի մնացել»,- ասաց ազգագրագետը: 

No comments:

Post a Comment