Popular Posts

Monday, January 16, 2012

«Ֆրանսիայում Հայկական բանաձևի քննարկման համար վճռորոշ է եղել Դերսիմի կապակցությամբ Էրդողանի ներողություն խնդրելը»



Թուրքական İhlas լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի պատմագիտական ընկերության (TTK) նախկին նախագահ, «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) պատգաավոր Յուսուֆ Հալաչօղլուն հայտարարել է, թե Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի ընդունման հարցում վճռորոշ է եղել ոչ վաղ անցյալում Դերսիմի քրդական սպանդի կապակցությամբ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի կողմից ներողություն խնդրելը։

Հալաչօղլուն նշել է. «Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Հայոց ցեղասպանությունը հերքումը քրեականացնող օրինագծից առաջ մենք 5 խորհրդարանականներով մեկնեցինք Ֆրանսիա՝ այդ օրինագծի ընդունումը կանխելու նպատակով։ Այդ կապակցությամբ մենք Ֆրանսիայում հանդիպումներ ունեցանք այդ երկրի խորհրդարանականների հետ։

Դրանց թվում էր նաև Ֆրանսիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Ժան Դավիթ Լևիթի հետ հանդիպումը։ Վերջինս մեզ հայտնեց, որ Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի քննարկման հարցում վճռորոշ է եղել Դերսիմի քրդերի կոտորածների կապակցությամբ վարչապետ Էրդողանի կողմից ներողություն խնդրելը։

Լևիթը մեզ հայտնեց, որ իրենք կարծել են, որ եթե Էրդողանը ներողություն է խնդրել Դերսիմի քրդերի սպանության համար, ապա կարող է նույնն անել նաև Հայոց ցեղասպանության պարագայում։ Փաստորեն, Էրդողանի կողմից Դերսիմի կապակցությամբ ներողություն խնդրելը, ի դեմս Ֆրանսիայի, շրջվեց մեր իսկ դեմ»։

Հիշեցնենք, որ Էրդողանը Դերսիմի սպանդի համար պաշտոնապես ներողություն է խնդրել 2011 թվականի նոյեմբերի 23-ին։

No comments:

Post a Comment