Popular Posts

Friday, January 20, 2012

ՀՀ ոստիկանապետի հանդիպումները համակարգի աշխատակիցների հետ շարունակվում են



ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից  տեղեկացնում են, որ այսօր` հունվարի 20-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը ՀՀ ոստիկանությունում աշխատանքային հանդիպում է ունեցել ճանապարհային ոստիկանության անձնակազմի հետ:

Անդրադառնալով հաշվառման-քննական բաժանմունքների աշխատանքում տեղ գտած թերություններին, ոստիկանության պետը կարգադրել է ձեռնարկել միջոցներ քաղաքացիներին պատճառվող անհարմարությունները հնարավորինս բացառելու ուղղությամբ:

Վլադիմիր Գասպարյանն անդրադարձել է նաև արտաքին ծառայությանը: Այստեղ նույնպես կան թերություններ, որ գրչի մեկ հարվածով վերացնելն անհնար է: Բայց կան այնպիսի թերություններ, որոնք հանդուրժել չի կարելի այսօր ու երբեք:

Ոստիկանության պետը շեշտել է, որ հասարակությանը ծառայություններ մատուցող ճանապարհային ոստիկանությունը պետք է հարիր լինի իր կոչմանը` ծառայել հասարակությանը, մինչդեռ կան մարդիկ, որոնք չեն ընկալում օրվա հրամայականը, իրենց վարքուբարքով շարունակում են արատավորել իրենց և համակարգի անունը:

Ոստիկանության պետն անթույլատրելի է համարել, որ մի քանիսի պատճառով կարող է արատավորվել և ճանապարհային, և, ընդհանրապես, ոստիկանության պատիվը. «Մեզ հարկավոր են ազնիվ, ուժեղ ու պատվախնդիր ոստիկաններ, ուստի համատեղ ուժերով պետք է հասնել նրան, որ քաղաքացին գոհ մնա, ինչպես ճանապարհային ոստիկանության մատուցած ծառայությունների որակից, այնպես էլ ճանապարհային ոստիկանների հետ ունեցած շփումից»:

Նույն օրը ՀՀ ոստիկանության պետը մեկնել է Կոտայքի մարզ, որտեղ հանդիպել է ոստիկանության մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների անձնակազմերի հետ, ծանոթացել օպերատիվ իրավիճակին, ստորաբաժանումների գործունեության ընթացքին, ոստիկանության ծառայողների աշխատանքային եւ անձնական խնդիրներին:

Հանդիպումների ընթացքում ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը անձնակազմից պահանջել է ջանադիր ու հետևողական աշխատանք, ոստիկանների մարդկային ու քաղաքացիական որակների, մասնագիտական պատրաստվածության կատարելագործում:

ՀՀ ոստիկանության պետը նաև ընդգծել է, որ անհրաժեշտ է արմատական բեկում արձանագրել հատկապես հասարակության հետ աշխատանքում. մարդը ոստիկանի մեջ պետք է տեսնի իր անվտանգության ու ապահովության երաշխավորին, իսկ իրենց օրենքից վեր դասողներն ու համակեցության կանոնները խախտողները` անզիջում իրավապահին, որը ապօրինությունների դեմ պայքարելու է օրենքով իրեն վերապահված բոլոր միջոցներով:

No comments:

Post a Comment