Popular Posts

Friday, January 27, 2012

Մի շարք երկրների առաջնորդներ ազգային հուզումների են պատրաստվում


Այս օրերին շվեյցարական Դավոս քաղաքում անցկացվող Համաշխարհային տնտեսական համաժողովի քննարկումների վերաբերյալ հոդված է հրապարակել հեղինակավոր The New York Times-ը: Հիշեցնենք, որ հունվարի 25-ից անցկացվող համաժողովում քաղաքական գործիչներն ու խոշոր գործարարները քննարկում են աշխարհում տնտեսական իրավիճակն ու պարտքային ճգնաժամից դուրս գալու ուղիները:
«Մոսկվայում և Կահիրեում ցուցարարները պահանջում են, որ իշխանությունը ներկայացուցչական լինի: Սակայն նման ուժով դժգոհություններ են նաև Մադրիդի ու Նյու Յորքի փողոցներում, ինչպես նաև` Աթենքում, քաղաք, որտեղ ծնվել է «ժողովրդավարություն» բառը», - գրել է վերլուծաբան Ջեք Յուինգը:
Նրա կարծիքով` այս բոլոր բողոքի ակցիաներից տպավորությունն այնպիսին է, որ մի շարք երկրների առաջնորդներ չեն արդարացնում բնակչության սպասումները, և «վերջիններիս օգնում են միավորվել սոցիալական ցանցերը` Facebook, twitter և այլն»: Այս փաստերը հուսադրող չեն դավոսյան համաժողովի մասնակից 40 պետությունների ու կառավարությունների ղեկավարների համար` սկսած Գերմանիայի կանցլերից մինչև Եթովպիայի վարչապետ»,- նշել է հոդվածագիրը:
«Ամերիկյան ու եվրոպական ժողովրդավարության գերազանցությունն արդեն այդքան ակնհայտ չէ, որքան տասը տարի առաջ էր»,- գրել է հոդվածագիրը: Ըստ նրա` նույնիսկ Դավոսի համաժողովի ղեկավար Կլաուս Շվաբն արտահայտվել է, որ «ներկայիս ձևաչափով կապիտալիզմն այլևս աշխարհի համար պետքական չէ»:
«Ժողովրդավարության ու տնտեսական աճի միջև կապը դադարել է անփոփոխ օրենք թվալ, եթե նայենք Չինաստանին և Վիետնամին»,- գրել է Յուինգը: Նրա կարծիքով` Չինաստանի ու Ռուսաստանի առաջնորդները նույնպես իրենց «հարմարավետ» չեն զգում, «նրանց վախեցնում է սոցցանցերի` գրաքննությանը հաղթելու ընդունակությունը»:
Միևնույն ժամանակ, ըստ նրա, ժողովրդավարության «փխրուն» լինելը տեսանելի է հատկապես Եվրոպայի կենտրոնում, օրինակ` Հունգարիայում:
«Եվրամիության անդամ որոշ երկրներում ազգայնականները փորձում են պարտքային ճգնաժամն օգտագործել քաղաքական նպատակներով»,- գրել է հոդվածագիրը: 

No comments:

Post a Comment