«Հրապարակ» թերթը գրում է, որ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի որդին՝ Վարդան Նիկոյանը, որը վարչապետ Տիգրան Սարգսյանի օգնականն է, հոր՝ նոր պաշտոնի անցնելուց հետո սկսել է ման գալ «Պրադո» ջիպով, որի վրա ԱԺ-ին պատկանող 059 ՕՕ 11 պետհամարանիշն է:
Կառավարությունում թերթի աղբյուրներն ասում են, որ մինչ Նիկոյանի ԱԺ նախագահ դառնալը որդին աշխատանքի էր գալիս ոտքով:
Սամվել Նիկոյանն ԱԺ նախագահ դառնալուց հետո, բացի ծառայողական մեքենայից, ստացել է երկրորդ մեքենա, որը սպասարկելու է նրա ընտանիքին: Սակայն Նիկոյանը սա քիչ է համարել և ԱԺ-ից վերցրել է երրորդ մեքենան՝ հատուկ տղայի համար, որպեսզի այն մյուսը սպասարկի միայն կնոջն ու աղջիկներին: Չի բացառվում, որ այս վիճակը ևս Նիկոյանը քիչ համարի և որոշի, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է ծառայողական մեքենաներով ապահովի իր ընտանիքի յուրաքանչյուր անդամին:
«Հայ պաշտոնյաների ագահությունը չափ ու սահման չունի, և նրանք փորձում են առավելագույնս օգտվել ստեղծված հնարավորությունից՝ վայելել պաշտոնն ամբողջ խորությամբ: Այդ պատճառով էլ այս մարդկանց պաշտոնին մնալը դառնում է գոյության պայքար, որի համար նրանք պատրաստ են ամեն ինչի: Մի առիթով Սոլժենիցինն ասել է, որ իր համար ամենակարևոր հատկությունն ինքնազսպումն է»,- գրում է թերթը:
No comments:
Post a Comment