Վրաստանի ընդդիմությունը գոհունակություն է հայտնել նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի` ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպմանը հնչեցրած հայտարարության կապակցությամբ: Սաակաշվիլին հունվարի 30-ին Սպիտակ տանը կայացած հանդիպմանն ասել էր, որ 2013 թվականին Վրաստանը կունենա նոր նախագահ:
Ինչպես հաղորդում է ռուսական vz. ru-ն, «Ազատ ժողովրդավարներ» կուսակցության քաղաքական քարտուղար Ալեքսի Պետրիաշվիլին նշել է, որ «Սաակաշվիլին ամենաբարձր մակարդակով խոստովանել է, որ ավարտում է նախագահի քաղաքական կարիերան»:
Նա ընդգծել է, որ ՄԱԿ-ում Վրաստանի նախկին մշտական ներկայացուցիչ Իրակլի Ալասանիայի գլխավորած կուսակցության համար այս հայտարարությունը նշանակում է, որ «Սաակաշվիլին իրեն համարում է անցյալի քաղաքական գործիչ»:
«Ազատ ու արդար ընտրությունների ճանապարհով իշխանության ղեկին պետք է գա նոր, այլընտրանքային քաղաքական ուժ»,- ասել է Պետրիաշվիլին:
Քաղաքական քարտուղարը նաև գոհունակություն է հայտնել Բարաք Օբամայի հայտարարության առնչությամբ, ով այս տարվա խորհրդարանական ու հաջորդ տարվա նախագահական ընտրություններում Վրաստանի իշխանությունները ժողովրդավարական ճանապարհով փոխանցելու անհրաժեշտություն էր հայտնել:
Ալասանիայի գլխավորած «Ազատ ժողովրդավարներ» կուսակցությունը կոալիցիա է կազմել ընդդիմադիր միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի հետ:
No comments:
Post a Comment