Գինեկոլոգ-ի փոխարեն̀ «կնախտաբան», պրոտեզ-ի՝« ներդիր», պինցետ-ի՝ «նրբունելի», վիբրատոր-ի՝ «թրթռուն». յուրաքանչյուր զույգի երկրորդ բառը միջազգային բառի հայերեն տարբերակն է, որոնք կարելի է գտնել բառարաններում: Լեզվի պետական տեսչության ղեկավար Սերգո Երիցյանը Tert.am-ի հետ զրույցում այն համոզմունքը հայտնեց, որ պարտադրությամբ որևէ նոր բառ չես կարող մտցնել լեզու, սակայն միջազգային բառերի թարգմանությունը և գործածությունը ժամանակի պահանջ է:
«Բառը կենդանի օրգանիզմ է: Այն անընդհատ ենթարկվում է փոփոխության և զարգանում է: Շատ լուծումներ տալիս է հենց ինքը՝ կյանքը: Ժամանակին երբ «մասաժ» բառի հայերեն տարբերակը՝ «մերսում»-ը, նոր էր լեզու մուտք գործում, շատերի համար տարօրինակ էր հնչում, բայց այսօր այն լայն կիրառություն է գտել: Վերցնենք «սպազմ» բառը, որը հայերենով նշանակում է «կծկում»: Հրաշալի բառ է, բայց դեռ շատերը օգտագործում են սպազմը: Բայց կգա մի ժամանակ որ բոլորս կասենք՝ կծկում ունեցա»,-ասաց նա:
Միջազգային բառերի թարգմանությամբ Հայաստանում զբաղվում են լեզվաբանները: Ըստ Սերգո Երիցյանի՝ լեզվաբանները հաճախ ավելի շուտ են տեսնում այս կամ այն տերմինների հայերեն տարբերակները:
«Հայերենը այնքան հարուստ լեզու է, որ միջազգային ցանկացած բառի համարժեքը մեր լեզվում կա: Բայց լեզվաբանները մեզանից մի քանի տարի առաջ են տեսնում: Նրանք, ելնելով մեր ամբողջ լեզվական հարստությունից՝ գրաբարից, արևմտահայերենից, աշխարհաբարից, ունեն օտար լեզվով տերմինների բացատրությունը: Իրենք կարող են հայերեն տարբերակի մասին մտածել լեզվական կանոններից ելնելով, օրինակ՝ թե որքանով է այս կամ այն օտար բառի հայերեն տարբերակը արտահայտում տվյալ բառի իմաստային ամբողջականություն»,-ասաց պարոն Երիցյանը:
Սերգո Երիցյանը հորդորեց չմոռանալ, որ բառի հայերեն տարբերակը կարող է ավելի բովանդակային, արտահայտիչ ու ավելի հնչեղ լինել:
«Տեսե՛ք, թե ինչքան արագ «ինտերնետ» բառը փոխարինվեց «համացանց»-ով, և այն այսօր մեծ գործածություն ունի, չնայած որ այն միջազգային բառ է և գրեթե բոլոր լեզուներով «ինտերնետ» են ասում»,-ասաց Լեզվի պետական տեսչության ղեկավարը և ավելացրեց, որ մի կողմից պետք է թողնել որ այս գործընթացն իր բնականոն ճանապարհով անցնի, մյուս կողմից էլ պետք է պահպանել լեզվի անաղարտությունը: Նա միաժամանակ նշեց, որ օտար բառը լեզվի մեջ պետք է գործածվի այնքան ժամանակ քանի դեռ չի սպառել իր ռեսուրսը:
Նշենք նաև, որ վերջերս աղմուկ բարձրացրեց «սեքս» բառի հայերեն թարգմանությունը՝ «հաճույքաճղտիկ»: Այս բառի թագմանությունը մինչ օրս Facebook-ում լայնորեն քննարկման առարկա է դարձել: Ֆեյսբուքցիները քննադատում ու ծաղրում են Լեզվի պետական տեսչությանը նման թարգմանության համար: Մասնավորապես հաղորդավար Հրաչ Մուրադյանը՝ Արչին, հեգնանքով գրել է, որ այսուհետ իր հաղորդումը կոչվելու է «Հաճույքաճխտիկը փոքր քաղաքում»: Այս ամենին ի պատասխան Լեզվի պետական տեսչության ղեկավար Սերգո Երիցյանը Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենց այս հարցի հետ որևէ առնչություն չունեն:
«Մենք բառաստեղծմամբ ու բառաշինությամբ չենք զբաղվում: Դա մեր գործառույթների մեջ չի մտնում: Անգամ տեղյակ չենք, թե ո՞վ է արել այդ բառի թարգմանությունը»,-ասաց Սերգո Երիցյանը:
No comments:
Post a Comment