Popular Posts

Sunday, January 22, 2012

Թուրքիայի փոխվարչապետը քննադատել է Ֆրանսիայի նախագահին, իսկ Հայկական օրինագծի պատճառով Դավութօղլուն հետաձգել է այցը Բրյուսել


Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առինչը նախօրեին քննադատել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին: «Նախագահ Սարկոզին փորձում է սեփական շահն առաջ տանել և Հայոց ցեղասպանության վերաբերյալ օրինագծով՝ ամրապնդել դիրքերը առաջիկա նախագահական ընտրություններում», - հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետը։

Anadolu գործակալության հաղորդմամբ, թուրք բարձաստիճան պաշտոնյան կրկին քննադատել է պաշտոնական Փարիզի դիրքորոշումն այս հարցում և պնդել, որ այդ օրինագծով Ֆրանսիան իր կամքն է պարտադրում մարդկանց։

Հիշեցնենք` Թուրքիայի խիստ քննադատությանն արժանացած օրինագիծը Ֆրանսիայի Սենատում քվեարկության կդրվի այսօր՝ հունվարի 23-ին։ Քվեարկությունից առաջ օրենսդիր մարմնի մոտ ցույց կանցկացնեն Ֆրանսիայի թե՛ հայկական, թե՛ թուրքական համայնքի ներկայացուցիչները։
France Press-ի փոխանցմամբ, Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն չեղյալ է հայտարարել այսօր Բրյուսել կատարելիք այցը՝ Ֆրանսիայի Սենատում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քվեարկությանը հետևելու համար։ Գործակալությունը նշում է, որ փոխարենը Դավութօղլուն Բրյուսել կմեկնի մեկ ամիս անց։

Այսօր Բրյուսելում կայանալու է Եվրամիության արտգործնախարարների նիստը, որի օրակարգում են Սիրիայում ստեղծված իրավիճակն ու Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելու հարցը։ Թուրքիայի արտգործնախարարը ևս հրավիրված էր մասնակցելու այս նիստին: Դավութօղլուն այս հանդիպման ընթացքում եվրոպացի գործընկերներին կներկայացնի իր՝ Թեհրան կատարած վերջին այցի արդյունքներն ու Անկարայի դիրքորոշումները արաբական աշխարհում սկիզբ առած հեղափոխությունների վերաբերյալ։



No comments:

Post a Comment