Popular Posts

Tuesday, January 24, 2012

Արշակ Սադոյանի` քաղաքականության մեջ մնալը կախված է քաղաքական ուժերի պատասխանից


«Ազգային համագործակցություն» հիմնադրամը որոշել է գործուն քայլեր ձեռնարկել Հայաստան-Սփյուռք համագործակցության համար: Որքան էլ զարմանալի է, հիմնադրամը դրա համար մատնանշում է գլոբալիզացիան և համացանցի հնարավորությունները, որը մեծ ազդեցություն կարող է ունենալ համահայկական քարոզչություն իրականացնելու համար:
Այսօր հիմնադրամն իր «Համագործակցություն» ակումբում անցկացրեց առաջին համացանցային մամուլի ասուլիսը, ինչն այդքան էլ հաջողված չի կարելի համարել: Նախատեսված տեսազրույցները Ամերիկյան մայրցամաքում ապրող մեր հայրենակիցների հետ տեղի չունեցան, քանի որ օվկիանոսից այն կողմ ուշ գիշեր էր:
«Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության նախագահ, «Ազգային համագործակցության հիմնադրամի» գործադիր տնօրեն Արշակ Սադոյանը հույս հայտնեց, որ այս կառույցը օգտագործելով ինտերնետային հնարավորությունները, մեծ դերակատարում կարող է ունենալ համահայկական գործընթացների զարգացման համար, ինչն ըստ նրա՝ բավական ռեալ է: Նա նկատեց, որ կստեղծվեն նաև փոխօգնության կառույցներ, որոնք հնարավորություն կտան մի քանի անգամ կրճատել ծախսերը:
Արշակ Սադոյանը հայտարարեց, որ իր` քաղաքականության մեջ մնալը կախված է մի հարցի պատասխանից, թե արդյո՞ք քաղաքական ուժերը հստակ կասեն, որ իրենց նախընտրական ծրագրերում արժանի տեղ են գրավում ազգագրական նման ծրագրերը:
Այս առիթով նա առաջինը հրավիրել էր ՀՀԿ պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովին, ով նույնպես ողջունեց նման ծրագիրը:
«Մենք պետք է դրանական վերբերվենք բոլոր նախաձեռնություններին, որոնք ուղղված են համահայկական քարոզչությանը»,- ասաց նա և հստակեցրեց. «Քաղաքական ուժերը պետք է արձանագրեն, որ մենք ոչ թե 3 մլն ենք, այլ 10 մլն»: Ըստ նրա, այստեղ մեծ դերակատարում ունի նաև Սփյուռքի նախարարությունը:
Սադոյանն առաջարկեց, օրինակ, նման ձևով քննարկել Սփյուռքի նախարարության կողմից առաջ քաշած երկպալատ խորհրդարան ունենալու առաջարկը: Այս տարբերակում Շարմազանովը կարծիք հայտնեց, որ դա մեծ քննարկում է պահանջում, առաջին հերթին հենց կուսակցությունների կողմից, նախ, փակ ձևաչափով:
Քննարկմանը հրավիրված էր նաև ԳԱԱ ակադեմիկոս Ռոբերտ Աթոյանը, ով նաև հանրային խորհրդի անդամ է: Նա օրինակ բերեց չինացիներին ու հրեաներին, ովքեր մեծ հաջողություններ ունեն ընդհանուր համազգային հարցեր լուծելու հարցում:
«Եթե հրեաները շուտ են լուծել այս հարցը, իսկ Չինաստանը հասել է նրան, որ թե երկիրն է օգնում հայրենիքին և թե հայրենիքը սփյուռքին: Իսկ մենք դեռ չենք էլ օգտագործում բոլոր հնարավորությունները, որ ունենք»,- ասաց նա:
Արշակ Սադոյանը հայտնեց, որ ազգային վիրտուալ ցանցի համար արդեն իսկ որոշ քայլեր ձեռնարկվել են, բացվել է www.sociology.am և www.national.am կայքերը: Իսկ նախատեսված մյուս ծրագրերի համար, ինչպիսիք են, օրինակ, Հայաստանի մարզերում և Սփյուռքի գաղթօջախներում հեռակապի կենտրոնների ստեղծման համար, ըստ Սադոյանի, ֆինանսներ են անհրաժեշտ: Նա հույս հայտնեց,որ դրան մասնակից կլինեն նաև քաղաքական և գործարար ուժերը, նաև կլինեն հանգանակություններ: 

No comments:

Post a Comment