Popular Posts

Friday, January 27, 2012

Օլիգարխով ու կրիմինալով արդեն հնարավոր չէ ընտրությունների գնալ

Հայ ազգային կոնգրեսի և ՀՀՇ անդամ Հովհաննես Իգիթյանը վստահ է, որ եթե հին մեթոդներով և եղանակներով անցկացվեն մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունները, ապա չորս-հինգ տարի հետո «Հայաստանից բան չի մնա»: Ընդդիմադիր քաղաքական գործիչն այս մասին հայտարարեց «Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր Վարդան Բոստանջյանի հետ բանավեճի ժամանակ: 
Բանավեճի հիմնական հարցադրումը հետևյալն էր. «Քաղաքական ճգնաժամի արդյո՞ւնք է, որ կուսակցություններն ընտրություններին գնում են հին դեմքերով» և հին կազմով: 

Հովհաննես Իգիթյանը նշեց, որ խնդիրը ոչ թե հին դեմքերն են, այլ հին մեթոդները: 
«Այն ինչ հնարավոր էր «մարսել» 2008-ին, հիմա, երբ աշխարհը այս իրավիճակում է, նույն ձևով, նույն մարդկանցով… տերմինոլոգիան էլ չգիտեմ ոնց ասեմ՝ «օլիգա՞րխ», «կրիմինա՞լ» հնարավոր չէ ընտրությունների գնալ»,-ասաց Հովհաննես Իգիթյանը: Նրա ներկայացմամբ՝ այդ հին մեթոդներից մեկն այն է, որ քրեական տարրերին տրվում են «զոնալ գոտիներ»՝ ընտրակեղծիքներ իրականացնելու և այնտեղ վարչական ու նյութական միջոցներ ներդնելու համար: 
Հովհաննես Իգիթյանը վստահ է, որ իրավիճակի այս փոփոխությունը գիտակցում են նաև հանրապետականները և այդ իսկ պատճառով խուսափում են իրենց «դեմքերին« կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկելուց: Բայց, ասաց, որ խորամանկ քայլ են արել՝ քրեա-օլիգարխիկ-գործարար տարրերին թույլ տալով առաջադրվել մեծամասնական ընտրատարածքներում. կեղծիքների մասին ահազանգերի դեպքում ՀՀԿ-ն կարդարանա, թե նրանք ի՞նչ կապ ունեն կուսակցության հետ: 

Հովհաննես Իգիթյանը լրագրողներին խորհուրդ տվեց հանրապետականներից հարցնել, թե ինչու են նրանք իրենց պարտքը համարում հայտարարել, թե 50 տոկոսից ավել մասնակցություն են ունենալու ապագա խորհրդարանում: Բայց չէ՞ որ, այս մասին խոսում են նաև այլ քաղաքական ուժեր: Այս հարցին ի պատասխան, ընդդիմադիր քաղաքական գործիչն ասաց, որ մեկ բան է, երբ այդ մասին հայտարարում է ընդդիմությունը, մեկ այլ բան՝ իշխող կուսակցությունը: 
ԲՀԿ–ական Վարդան Բոստանջյանը հայտարարեց, որ ոչ ոք նման հայտարարություն անելու իրավունք չունի: «Որ ես հավաքելու եմ այսքան ձայն, ես՝ այնքան, որովհետև դրա պատասխանատվությունը ընկած է ընտրողների վրա»։
Հիշեցնենք, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ոչ վաղ անցյալում հայտարարել էր, որ իր քաղաքական թիմը հաջորդ ԱԺ ընտրություններում 50+ տոկոս ձայներ է հավաքելու: 

No comments:

Post a Comment