Popular Posts

Monday, January 23, 2012

Սիլվա Համբարձումյանը մասնակցելու է ԱԺ ընտրություններին


Գործարար Սիլվա Համբարձումյանը մասնակցելու է խորհրդարանական ընտրություններին: Այս մասին Yerkir.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց անձամբ կին գործարարը եւ նշեց, որ փետրվարի 10-ին կհայտարարի, թե որ կուսակցությանն է անդամակցելու եւ որ ընտրակարգով է մասնակցելու խորհրդարանական ընտրություններին:

«Այս պահի դրությամբ ձեռքիս տակ են ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի ծրագրերը: Ուսումնասիրում եմ, որ որեւէ կուսակցությանը անդամակցելու դեպքում չսխալվեմ եւ չզղջամ հետո»,- նշեց նա:

Հարցին, թե ո՞ր կուսակցությունն է ավելի հարազատ, Համբարձումյանը նշեց, որ հոգեհարազատության խնդիր չկա, չի բացառվում, որ հիմնի նոր կուսակցություն` նոր ծրագրերով:

«Ընտրական օրենսգիրքն եմ նաեւ ուսումնասիրում: Եթե ոչ մի կուսակցության համամասնական ցուցակում էլ չլինեմ, մեծ հաճույքով կառաջադրվեմ մեծամասնականով»,- ասաց գործարարը եւ նշեց, որ ուժի մեջ է իր այն հայտարարությունը, որ ինքը կառաջադրվի այնտեղ, որտեղ առաջադրվի Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:

«Ես ուզում եմ ոմանց ապացուցել, որ օրենք պետք է գրեն նրանք, ովքեր կարող են, մարզը ղեկավարեն նրանք, ում կսիրի ողջ մարզը»,- նշեց նա:

Մեր այն դիտարկմանը, թե այս ամենը գործարք է հիշեցնում, երբ, քաղաքականություն մտնելը փոխհատուցում է գործարար կնոջը մարզպետի արարքի համար, Համբարձումյանը չհամաձայնեց եւ նշեց, որ, եթե անգամ անդամակցի էլ ՀՀԿ-ին, միեւնույն է, դիմելու է Եվրադատարան:

Նկատառմանն էլ, որ իշխող կուսակցությանն անդամակցելն անտրամաբանական է դարձնում Եվրադատարան դիմելը, Համբարձումյանը նշեց, որ անտրամաբանական ոչինչ չի տեսնում: «Եթե իրենց սխալը հասկանան` ինչո՞ւ պետք է դիմեմ Եվրադատարան»,- նշեց գործարարը եւ հավելեց, որ Սուրիկ Խաչատրյանի հետ ոչ մի հարաբերություն էլ չունի այսօր:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ հանրապետական դառնալու դեպքում կուսակցությունը «բարիշեցնի» իրեն եւ Սուրիկ Խաչատրյանին, Համբարձումյանը նշեց, որ բարիշելու ոչինչ չկա, իսկ եթե ինքը մտնի Հանրապետական, Սուրիկ Խաչատրյանն այնտեղ դժվար երկար ձգի:

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը իր համար վտանգ չի տեսնում այն բանում, որ գործարար Սիլվա Համբարձումյանը ցանկանում է պատգամավոր դառնալ եւ, ամենայն հավանականությամբ, կանդամակցի Հանրապետական կուսակցությանը:

Նա նաեւ նորմալ է վերաբերվում, որ Սիլվա Համբարձումյանը ցանկանում է մեծամասնականով առաջադրվել այնտեղ, որտեղ կլինի Սուրիկ Խաչատրյանը: «Է թող առաջադրվի, ով ա իրան խանգարում, իրան խանգարող չկա, թող առաջադրվի»,- նշեց մարզպետը:

Հարցին, թե ինչպե՞ս կգնահատի գործարար կնոջ շանսերը, մարզպետը պատասխանեց. «Բացարձակ» (չպարզաբանեց, թե ինչ նկատի ունի):Անդրադառնալով Համբարձումյանի այն հայտարարությանը, որ եթե ինքը դառնա հանրապետական, մարզպետն այնտեղ դժվար թե երկար ձգի, Խաչատրյանը դա որակեց «ոչ խելացի մարդու հայտարարություն»:

«Չգիտեմ ինքն ինչ ա ուզում ասած լինի, բայց չեմ կարծում, որ իրա` Հանրապետականում հայտնվելը կարող ա ինձ հետ որեւէ խնդիր լուծի` լինի լավ, թե վատ»,- հայտարարեց մարզպետը:

No comments:

Post a Comment