ՀՀ ոստիկանության և միջազգային փորձագետների կողմից մշակվել է «Հավաքների ժամանակ ոստիկանության գործողություների ուղեցույց», որտեղ, հաշվի առնելով ՀՀ օրենսդրությունը և միջազգային-իրավական պրակտիկան, առավելագույնս հստակեցվել է ոստիկանության ծառայողների իրավունքների և պարտականությունների ողջ շղթան հավաքների անցկացման ժամանակ:
Ըստ ոստիկանության հաղորդագրության` հունվարի 20-ին ոստիկանությունում տեղի է ունեցել ուղեցույցի քննարկումը, որը վարել է ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանը:
Հանդիպմանը մասնակցել են համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ, ինչպես նաև պրոֆեսոր Օթթո Լուխտերհանդթը` միջազգային և հանրային իրավունքի բնագավառում Գերմանիայի հեղինակավոր մասնագետներից մեկը, որի ակտիվ աջակցությամբ էլ մշակվել է ուղեցույցը:
Բացելով միջոցառումը` Արթուր Օսիկյանը նշել է, որ հանդիպման նպատակն է վերջնականապես ճշգրտել մի շարք հարցեր, որոնք հատկապես կարիք ունեն առավելագույն հստակեցման և պրակտիկայում երբեմն երկակի մեկնաբանությունների տեղիք են տալիս, օրինակ` որ դեպքում անօրինական հավաքի մասնակիցների գործողությունները կորակվեն որպես հանրային շահի սահմանափակում, վրանների տեղադրման հիմնախնդիրը` հավաքների իրավունքի և ընդհանուր ոստիկանական իրավունքի տեսանկյունից և այլն:
Արթուր Օսիկյանն ընդգծել է, որ ոստիկանությունը չափազանց կարևորում է բոլոր հնարավոր իրավիճակներում հատկապես պարզելու այն սահմանը, որը գոյություն ունի հավաքների մասնակից անձանց իրավունքների իրականացման և դրանց իրավաչափ սահմանափակման միջև:
Օթթո Լուխտերհանդթը ներկայացրել է համատեղ մշակված ուղեցույցը` անդրադառնալով նաև Գերմանիայում ոստիկանության համանման պրակտիկայի առանձնահատկություններին:
Հանդիպման մասնակից ստորաբաժանումների ծառայողները ներկայացրել են իրենց դիտարկումները ուղեցույցի վերաբերյալ և հարցեր ուղղել պրոֆեսոր Լուխտերհանդթին:
Քննարկման ընթացքում հստակեցվել են մի շարք հարցեր` ոստիկանության հիմնական խնդիրները հավաքների իրավունքի ապահովման առնչությամբ, ոստիկանության և հավաքների մասնակիցների փոխհարաբերությունների հիմնական սկզբունքները, հանրային վայրերում վարքագծի ընդհանուր հիմունքները, պատմության և մշակույթի հուշարձանները որպես հավաքների անցկացման վայր, վրանների տեղադրման հիմնախնդիրը և այլ հարցեր:
Արթուր Օսիկյանը շնորհակալություն է հայտնել Օթթո Լուխտերհանդթին և JIZ կազմակերպությանը տեխնիկական օժանդակության համար` նշելով, որ «Հավաքների ժամանակ ոստիկանության գործողություների ուղեցույցը» պատրաստ է, մեկշաբաթյա ժամկետում ստորագրման կներկայացվի ոստիկանության պետին և հաստատվելուց հետո կընդգրկվի ոստիկանության կրթական համալիրի ուսումնական պլաններում ու կօգտագործվի ծառայողների պարապմունքների ժամանակ:
No comments:
Post a Comment