Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և ՀՀ Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հետ համատեղ հրավիրված խորհրդակցության ժամանակ այսօր քննարկվել են տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) և ոստիկանակության փոխգործակցությանն առնչվող հարցեր:
Ըստ քաղաքապետարանի տարածած հաղորդագրության` խորհրդակցությանը մասնակցել են Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարները, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և տարածքային բաժինների պետերը:
Տարոն Մարգարյանը կարևորել է համատեղ աշխատանքը հասարակական կարգի պահպանման գործում, որի արդյունավետությունը պայմանավորված է վարչական շրջանների և ոստիկանության բաժինների համակարգված աշխատանքով ու սերտ համագործակցությամբ:
Քաղաքապետն ընդգծել է, որ հասարակական կարգի պահպանման որակական բարելավումը հրամայական է և պահանջում է ամենօրյա ու հետևողական աշխատանք: Այս համատեքստում քաղաքապետն առանձնացրել է «Անվտանգ քաղաք» ծրագրի շրջանակում համագործակցությունը, որն ուղղված է քաղաքացու և քաղաքային միջավայրի հարմարավետության ու անվտանգության ապահովմանը, ինպես նաև համատեղ ծրագրերի իրականացումը հատկապես անչափահասների շրջանում:
Անդրադառնալով անվտանգ մայրաքաղաք ունենալու խնդրին՝ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը նշել է, որ հաջողության գրավականը ոչ միայն քաղաքային իշխանությունների հետ համագործակցության զարգացումն է, այլ նաև ուղղակի աշխատանքը համայնքներում, հասարակության տարբեր շերտերի ու ներկայացուցիչների հետ:
Ոստիկանապետը նաև նշել է, որ ընտրությունների շրջանում օբյեկտիվորեն հասարակական կյանքի որոշակի աշխուժացում է նկատվում, ինչը պարտավորեցնում է ավելի զգոն լինել և անել առավելագույնը այդ ժամանակահատվածում մայրաքաղաքում կայուն հասարակական կարգ ապահովելու համար:
Ոստիկանապետը համոզմունք է հայտնել, որ համակարգված ու առարկայական համագործակցությունը ցանկալի արդյունք կտա և հնարավորություն կտա իրականցնել օրինակելի մայրաքաղաք ունենալու ձգտումը:
No comments:
Post a Comment