Popular Posts

Tuesday, January 24, 2012

Ավստրալիան կմիանա Իրանի նկատմամբ նավթային պատժամիջոցներին


Ավստրալիան կմիանա իրանական նավթի նկատմամբ Եվրամիության մտցված արգելքին: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը` վկայակոչելով Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Քևին Ռադին:
«Իրանի հարցով ես կցանկանայի, որ ինձ ճիշտ հասկանային: Ինչ վերաբերում է Բրյուսելում երեկվա գործողություններին (ԵՄ անդամ 27 երկրների ԱԳ նախարարները Բրյուսելում են հաստատել նավթային արգելքի մասին որոշումը), ապա մենք նույնպես կձեռնարկենք համանման գործողություններ»,- Լոնդոն այցի ընթացքում ասել է ավստրալացի նախարարը:
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ֆիլիպ Հեմոնդն իր հերթին հայտարարել է, որ Լոնդոնը կարող է լրացուցիչ զինուժ ու տեխնիկա ուղարկել Հորմուզի նեղուց` Իրանի կողմից վերջինիս շրջափակումը կանխելու նպատակով: Հեմոնդի խոսքով` վերջին օրերին ամերիկյան Abraham Lincoln ավիակրի գլխավորությամբ` ֆրանսիական ու բրիտանական ռազմանավերի ժամանումը Պարսից ծոց «հստակ ազդանշան» է Թեհրանին:
Իրանը բազմիցս սպառնացել էր, որ եթե Եվրամիությունը որոշի այնուամենայնիվ պատժամիջոցներ սահմանել իրանական նավթի հանդեպ, ապա Թեհրանը կփակի Պարսից և Օմանի ծոցերը միավորող Հորմուզի նեղուցը, որով կատարվում է նավթի համաշխարհային մատակարարումների մոտ 40 տոկոսը: Իր հերթին ԱՄՆ-ն հայտարարել էր, որ նման բան երբեք թույլ չի տա: 

No comments:

Post a Comment