Popular Posts

Friday, January 27, 2012

Դևիդ Քեմերոնը Դավոսում «վճռական քայլերի» կոչ է արել


Շվեյցարական Դավոսում անցկացվող Համաշխարհային տնտեսական 42-րդ համաժողովում աշխարհի քաղաքական առաջնորդներն ու խոշոր գործարարները քննարկում են Եվրոպայի պարտքային ճգնաժամից դուրս գալու ուղիները:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնն իր ելույթի ժամանակ Եվրամիության երկրներին այսօր կոչ է արել «վճռական քայլեր» ձեռնարկել` պարտքային ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ: Նա ընդգծել է, որ «մանր- մունր» փոփոխությունները չեն լուծի խնդիրները:
Ըստ Քեմերոնի` անհրաժեշտ է ձեռնարկել այնպիսի միջոցառումներ, որոնք կնպաստեն զբաղվածության աճին և ԵՄ երկրներում աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, միևնույն ժամանակ դեմ է արտահայտվել բանկային գործառնություններ վրա հարկերի սահմանմանը:
Microsoft կորպորացիայի համահիմնադիր Բիլ Գեյթսն էլ նշել է, որ այսօր շատ խրթին տնտեսական իրավիճակ է ստեղծվել: «Սակայն դա չի կարող արդարացնել Երկիր մոլորակի աղքատ խավին հատկացվող օգնության կրճատումը»,- ասել է Գեյթսը:

Նա հայտարարել է, որ 750 մլն դոլար կփոխանցի Համաշխարհային հիմնադրամին` ուղղված ՁԻԱՀ-ի, տուբերկուլյոզի և մալարիայի դեմ պայքարին: Ըստ նրա` իր օգնությունն ազդանշան կդառնա այն բանի, որ այս կառույցը լիովին արժանի է այլ բարերարների վստահությանը:
Գեյթսը հիշեցրել է, որ հիմնադրամի գործունեությունն օգնել է մոտ 150 երկրների բազմաթիվ քաղաքացիների` հիվանդությունների կանխարգելման ու բուժման ծրագրի իրականացման շրջանակներում:
Համաշխարհային տնտեսական 42-րդ համաժողովը կտևի մինչև հունվարի 29-ը: Համաժողովի աշխատանքներին մասնակցում են մոտ 2.500 քաղաքական գործիչներ ու գործարարներ: 

No comments:

Post a Comment