Սիրիայում իրավապահների ու նախագահ Բաշար ալ Ասադի հակառակորդների միջև զինված բախումների հետևանքով միայն հունվարի 30-ին զոհվել է մոտ 100 մարդ:
Ինչպես հաղորդում է France presse գործակալությունը` վկայակոչելով «Մարդու իրավունքների մոնիթորինգի սիրիական կենտրոն»-ին (OSDH), զոհերից նվազագույնը 55-ը խաղաղ բնակիչներ են: 40 զոհի մասին տեղեկություն ստացվել է սիրիական Հոմս քաղաքից, 9 զոհ գրանցվել է Դերաա քաղաքում, ևս 5-ը` Դամասկոսի մերձակայքում, 1 մարդ էլ զոհվել է Իդլիբում:
Զոհերի թվում, բացի խաղաղ բնակիչներից, կան 25 զինծառայող, իրավապահ մարմինների 6 աշխատակից, ընդդիմությանը միացած բանակի 10 դասալիք:
Սիրիայում 2011 թվականի մարտից սկիզբ առած անկարգությունները խլել են, ՄԱԿ-ի տվյալներով, մոտ 6.000 մարդու կյանք: Ընդդիմությունը պահանջում է նախագահ Բաշար ալ Ասադի հրաժարականը:
Ինչպես այսօր առավոտյան տեղեկացրել էր Tert.am-ը` վկայակոչելով ռուսական «Ինտերֆաքս» գործակալությանը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այսօր Նյու Յորքում կանցկացնի Սիրիայում իրավիճակի խնդրով նիստ, որտեղ կքննարկվի արաբա-եվրոպական բանաձևի նախագիծը (այն մշակել են Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Պորտուգալիան, ԱՄՆ-ն, Կատարը և Մարոկոն): ՄԱԿ-ի ԱԽ նիստին կմասնակցեն արևմտյան բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում` Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարներ Ալեն Ժյուպեն ու Ուիլյամ Հեյգը: Նիստում ելույթ կունենա Արաբական երկրների լիգայի (ԱԵԼ) գլխավոր քարտուղար Նաբիլ ալ Արաբին:
No comments:
Post a Comment