Popular Posts

Sunday, January 15, 2012

Հանդիպումներ ընդդիմադիր ուժերի ղեկավարների միջեւ

Ինչպես փոխանցեց Ազգային ժողովում «Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը, նախօրեին կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը եւ ինքը հանդիպել են «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի եւ վարչության անդամ Արարատ Զուրաբյանի հետ:

Հանդիպում է եղել նաեւ Հայ ազգային կոնգրեսի ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ:

Մարտիրոսյանը մանրամասնեց, որ հանդիպումները եղել են աշխատանքային. - «Ընդամենը քննարկվել են 100-տոկոսանոց համամասնականի առաջարկը իրենց ողջունելու հետ կապված խնդիրները, եւ հետագայում ինչ կարելի է անել։ Սովորական աշխատանքային քննարկում է եղել, ոչ ավելի»։

Անցած տարվա դեկտեմբերի 27-ին «Ժառանգություն» եւ ՀՅ Դաշնակցություն կուսակցությունները հանդես եկան համատեղ հայտարարությամբ` կոչ անելով իշխանություններին «Ընտրական օրենսգրքում համատեղ իրականացնել մեկ կոնկրետ փոփոխություն, այն է` վերացնել մեծամասնական ընտրակարգը` անցում կատարելով 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի»։ Արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերը, մասնավորապես` Հայ ազգային կոնգրեսը եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, ողջունեցին խորհրդարանական ընդդիմության այս առաջարկը:

«Բնականաբար, որոշակի քայլեր քննարկվել են, ուղղակի այդ քայլերը նաեւ մեր այլ գործընկերների հետ համաձայնության խնդիր կա, ուստիեւ ընդամենը սովորական աշխատանքային հանդիպում էր»։

«Այսինքն, կարո՞ղ ենք ասել, որ նախնական համաձայնություններ են ձեռք բերվել», - այս հարցին նա պատասխանեց. - «Մոտավորապես, մոտավորապես` կարելի է ասել»։

Մարտիրոսյանը չմանրամասնեց, թե նախնական ինչ համաձայնությունների մասին է խոսքը, միաժամանակ տեղեկացնելով, որ առաջիկայում նախատեսվում է անցկացնել քաղաքական ֆորում, որին կմասնակցեն «Ժառանգության» եւ Դաշնակցության վերոհիշյալ առաջարկին կողմ արտահայտված ուժերը: Նրա վկայությամբ` նախատեսված են հանդիպումներ բոլոր այն ուժերի հետ, որոնք ողջունել են նախաձեռնությունը։

Ի պատասխան հարցի` հնարավո՞ր է, որ ընդդիմադիր քաղաքական ուժերի միջեւ 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգի շուրջ տարվող քննարկումները միավորեն ընդդիմադիր դաշտը` վերաճելով դաշինքի, Արմեն Մարտիրոսյանը ասաց. - «Դաշինք` չեմ կարծում, բայց համագործակցության տիրույթը տեսնում եմ։ Սա հիմք կարող է դառնալ վերահսկողական գործառույթներ համատեղ իրականացնելու համար` ընտրությունների ժամանակ»։

Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը «Ժառանգության» ներկայացուցիչների հետ հանդիպման վերաբերյալ միայն ասաց. - «Երբ հասարակության ուշադրությանը արժանի որեւէ բան ունենանք, դրա մասին կհայտնենք»:

Դաշնակցության բյուրոյի անդամ, կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը այս հանդիպումների կապակցությամբ իրենց դիրքորոշման վերաբերյալ ասաց. - «Մենք նորմալ ենք գնահատում, որ նման հանդիպումներ են կայանում, քանի որ հասկանալի է, որ խորհրդարանում հարցը հաջողությամբ առաջ տանելու համար անհրաժեշտ է լինելու նաեւ արտապառլամենտական ընդդիմության աջակցությունը»։

«Այդ աջակցության մասին, ի դեպ, ասեմ, որ այդ արտախորհրդարանական ուժերը վաղուց ի վեր հայտարարել էին, հիմա թե ինչ դետալներ են քննարկվում, թե ինչ կոնկրետ գործողությունների նյուանսներ, մեխանիզմներ են քննարկվում «Ժառանգության» եւ այդ ձեր նշած ուժերի միջեւ` ես, իհարկե, տեղյակ չեմ, եւ նման բանակցություններ եթե Դաշնակցությունը որոշի վարել, ապա դա անելու է ոչ թե Դաշնակցության բյուրոն, որի անդամ եմ ես, այլ` Գերագույն մարմինը։ Այնպես որ, Դաշնակցության գերագույն մարմնին է ավելի ճիշտ վերահասցեագրել ձեր հարցը», - ասաց դաշնակցական գործիչը։ - «Ես անձամբ նման բանակցությունների չեմ մասնակցել, ես պարզապես տեղյակ չեմ նման բանակցությունների մասին, եթե դրանք անգամ տեղի են ունեցել, ապա տեղի են ունեցել նոր, եւ մենք այդ մասին կստանանք դեռ զեկույց, բայց այս պահին ես նման բանի մասին տեղյակ չեմ»։


No comments:

Post a Comment