Popular Posts

Saturday, January 7, 2012

Նիկոյանը կարծում է, որ ԲՀԿ-ն ու ՀՀԿ-ն մեկ ցուցակով հանդես չեն գա

Գործող կոալիցիան մինչև մայիս կշարունակի իր գոյությունը: Այս մասին այսօր հայտարերել է ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ: 
«Ընտրություններին դեռևս կա գրեթե 4 ամիս: Կոալիցիան իր գործունեություն կշարունակի մինչև ընտրությունները: Ամեն դեպքում այն իր առջև դրված խնդիրները կատարել է և այս ամիսների ընթացքում ևս կշարունակի կատարել»,-ասել է Սամվել Նիկոյանը:
ԱԺ նախագահը այն համոզմունքն է հայտնել, որ եթե անգամ կոալիցիոն ուժերի միջև հակասություններ առաջանան, ապա դրանք նկատելի չեն լինի և չեն հանգեցնի փլուզման:
«Կոալիցիայի գործունեությունը պետք է արտահայտվի խորհրդարանում քվեարկությունների ժամանակ, երբ կոալիցիոն քաղաքական ուժերը որևէ նախագծի քննարկման ժամանակ պետք է տեսակետներ արտահայտեն: Բայց եթե արդեն նիստեր չլինեն, ինչպես պետք է արտահայտվեն այդ մոտեցումները: Նախընտրական շրջանին առավել մոտ ընթացքում հակասությունները ակնառու չեն, քանի որ ցանկացած քաղաքական ուժ զբաղվում է իր քաղաքական գովազդով: Այստեղ գուցե մենք կնկատենք միմյանց նկատմամբ քննադատություն կամ ավելի շատ ձայն տանելու ձգտում, բայց դրան պետք է շատ նորմալ մոտենալ և բնական համարել»,-ասել է Սամվել Նիկոյանը և ավելացրել, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ ձգտելու է ավելի լավ ներկայացված լինել խորհրդարանում:
ԱԺ նախագահը նորմալ է համարել նաև այն, որ սովորաբար չեն կայանում ընտրություններին նախորդող խորհրդարանական նիստերը և չեն լինում քվորումներ` պատգամավորների բացակայության պատճառով:
«Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում այս երևույթը կա: Բայց մեր խորհրդարանը պետք է փորձի հնարավորինս իր գործառույթը երկար իրականացնել, պատճառը նաև այն է, որ խարհրդարանը խոսափող է քաղաքական ուժերի ձեռքին: Նրանք այն կարող են օգտագործել իրենց կուսակցության տեսակետը արտահայտելու համար»,-ասել է Սամվել Նիկոյանը:
Նա անդրադարձել է նաև խորհրդարանական ընտրություններում ԲՀԿ-ի և ՀՀԿ-ի միասնական ցուցակով հանդես գալու հնարավորությանը:
«Ոչ ուզում եմ բացառել, ոչ էլ հաստատել: Սակայն, ես կարծում եմ, որ առանձին ցուցակներով են հանդես գալու: Այս կապակցությամբ` կուսակցությունների համապատասխան ղեկավար մարմինները և ղեկավարները հայտարարությամբ հանդես կգան»,-ասել է ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը:

No comments:

Post a Comment