Popular Posts

Thursday, January 5, 2012

Եվրամիությունն ազատ և արդար ընտրություններ է ակնկալում Հայաստանից



Եվրամիությունը պատրաստ է 2012թ. խորհրդարանական ընտրություններից հետո միջազգային հավաք կազմակերպել՝ հայաստանյան բարեփոխումներին աջակցելու համար։

Այդ մասին տարեվերջին «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում ասել է Եվրամիության ընդարձակման հարցերով հանձնակատարի խոսնակ Փիթեր Ստանոն՝ միաժամանակ ընդգծելով, որ ընտրությունները պետք է անցնեն ազատ ու արդար։

«2012 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո Եվրամիությունը պատրաստ է կազմակերպել միջազգային հավաք՝ Հայաստանում կայուն բարեփոխումների համար միջազգային համայնքի աջակցությունը համախմբելու համար։

Եվրամիությունը բազմիցս ընդգծել է, որ անհրաժեշտ է այս ընտրություններն անցկացնել միջազգային չափանիշներին համապատասխան եւ իրագործել ստանձնած պարտավորությունները։ Եվրամիության համար ամենակարեւոր առաջնահերթությունը բարեփոխումներն են՝ ժողովրդավարության ոլորտում, արդարադատության համակարգում ու տնտեսական դաշտում», - ասել է եվրոպացի դիվանագետը՝ ընդգծելով, թե 2011թ. իրենք Հայաստանի կողմից առաջընթաց են նկատել բոլոր այս ոլորտներում, և շատ կարևոր է, որ այդ միտումը պահպանվի նաև հետագա տարիներին:

«Եթե ի մի բերելու լինենք 2011-ը, կասեմ, որ երկկողմ հանձնառություն կա՝ է՛լ ավելի ամրապնդել Հայաստանին ու Եվրամիությանը միացնող կապերը։ Հայաստանը, անշուշտ, շատ կարևոր գործընկեր է եվրոպական ընտանիքի համար՝ Արևելյան հարևանության շրջանակներում, և մենք ուրախ ենք, որ այս երկիրը ակտիվ է ու նորանոր նախաձեռնություններ է իրականացնում», - նշել է Եվրամիության ընդարձակման հարցերով հանձնակատարի խոսնակը։

2012թ. սպասվող ընտրությունները ազատ ու թափանցիկ անցկացնելու անհրաժեշտությունը ընդգծում է նաև Եվրամիության արտգործնախարարի գրասենյակը՝ հավելելով, որ ուշադրությամբ է հետևելու դրանց անցկացմանը։

«Մենք շատ ուրախ էինք լսել Հայաստանի իշխանություններից, որ 2012 թվականի ընտրությունները լինելու են ազատ և արդար, լավագույնը՝ Հայաստանի պատմության մեջ», - ասել է Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի խոսնակ Մայա Կոնսիյանչիչը՝ ընդգծելով. «Եվրամիության դիրքորոշումն այս հարցում հստակ է՝ մենք ուզում ենք, որ ընտրություններն անցնեն միջազգային չափորոշիչներին համապատասխան, և մենք ուշադրությամբ հետևելու ենք դրանց, նաև այն պատճառով, որ այս հարցը ժողովրդավարական զարգացման կարևոր տարրերից մեկն է, գերակա ուղղություն՝ Եվրամիության համար»։

Անդրադառնալով 2012-ին նախատեսված ծրագրերին ու առաջնահերթություններին՝ եվրոպացի պաշտոնյաները հիշատակում են Հայաստանի հետ վիզային ռեժիմի պարզեցման մասին համաձայնագրի ստորագրումը, որը նախատեսված է գալիք տարվա առաջին ամիսներին։ Կշարունակվեն նաև բանակցությունները ասոցիացված համաձայնագրի շուրջ, ինչպես նաեւ փորձերը՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը նպաստելու ուղղությամբ։

«Եվրամիությունը հավատարիմ է տարածաշրջանային հակամարտությունների կարգավորմանը աջակցելու իր հանձնառությանը, և մենք շատ ենք ուզում ակտիվացնել մեր ջանքերը և մեծացնել հանձնառությունը այս ուղղությամբ»,- ասել է Եվրամիության արտգործնախարարի խոսնակը։

No comments:

Post a Comment