Popular Posts

Tuesday, January 17, 2012

Ռոբերտ Քոչարյանն առաջիկայում ընտրությունների հետ կապված ինչ-որ հայտարարություն է անելու


«ԲՀԿ-ի հրաժեշտը Քոչարյանին» խորագրի ներքո "Հայկական ժամականը" գրում է.
«Հիմա արդեն քաղաքում սողացող լուրեր են պտտվում, թե առաջիկայում Ռոբերտ Քոչարյանն ընտրությունների հետ կապված ինչ-որ հայտարարություն է անելու: Թե ինչպիսին կլինի այդ հայտարարությունը, դժվար է ասել, բայց քիչ է հավանական, որ որևէ բան կփոխվի քաղաքական պրոցեսների տրամանաբության մեջ: Ամեն ինչ խոսում է այն մասին, որ ընթացիկ քաղաքական շրջափուլը վերջնական և անշրջելի կդարձնի Ռոբերտ Քոչարյանի՝ Հայաստանի ամենաերիտասարդ թոշակառուի կարգավիճակը և նրա ակտիվ քաղաքականություն վերադառնալու հնարավորությունը կվերանա անշրջելիորեն: Քոչարյանի հույսը, մեծ հաշվով այն է, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունների փորձությունը հաջող անցնելով՝ ԲՀԿ-ն 2013թ. ընտրություններում կպաշտպանի իր թեկնածությունը: Բայց թե ինչու պիտի ԲՀԿ-ն վարվի այդպես, որևէ կերպի չի հասկացվում: Խորհրդարանական ընտրությունների փուլը հաջող անցնելուց հետո ԲՀԿ-ն Քոչարյանի թեկնածությունը չպաշտպանելու ավելի շատ պատճառներ կունենա, քան՝ պաշտպանելու: Ընդհակառակը, տեսակետ կա, որ ԲՀԿ-ն ինքը շահագրգռված է, որ Քոչարյանի ազդեցությունը ոչ միայն նվազի, այլև զրոյանա վերջնականապես:
Նկատելի է, համենայն դեպս, որ ԲՀԿ-ն փորձում է հայտնվել մի դիրքում, որ Սարգսյանի և Տեր-Պետրոսյանի միջև մանևրելու հնարավորությունը պահպանի, իսկ այս հնարավորության ամենամեծ խոչընդոտը, թերևս, Քոչարյանն է: Տեր-Պետրոսյանի և Սարգսյանի միջև մանևրունակությունը պահպանելու լավագույն տարբերակը Քոչարյանից ազատվելն է, ինչն էլ անկասկած անելու է ԲՀԿ-ն առաջիկայում: Հետագան կերևա հետագայում: Քաղաքական դաշտից Քոչարյանի վերջնական հեռացման օպերացիան կդառնա առաջիկա ընտրությունների կարևորագույն ինտրիգներից մեկը, հաջորդ ինտրիգը, թերևս, 2008թ-ին ծայր առած քաղաքական հակամարտության հանգուցալուծումն է: ՀՀԿ ներկայացուցիչները չեն էլ թաքցնում, որ կուսակցական համամասնական ցուցակը գլխավորելու է Սերժ Սարգսյանը: Կասկածից վեր է, որ Հայ Ազգային Կոնգրեսի համամասնական ցուցակը գլխավորելու է Լևոն Տեր-Պետրոսյանը: Եվ ուրեմն, առաջիկա խորհրդարանական ընտրությունները կարող են ավելին լինել, քան զուտ խորհրդարանական ընտրությունները: Ասում են, իհարկե, որ այստեղ լուծվում է 2013թ. նախագահական ընտրությունների ճակատագիրը, բայց կարծես, ահա, 2008թ նախագահական ընտրությունների հետ կապված հարցեր էլ կլուծվեն:

No comments:

Post a Comment