Պակիստանի դատարանն այսօր երկրի նախկին նախագահ Փերվեզ Մուշարաֆին «արդարադատությունից թաքնվող անձ է» հայտարարել և նրան հեռակա կարգով ձերբակալելու մասին որոշում կայացրել:
Ինչպես հաղորդում է բրիտանական «Բի-Բի-Սի» հեռուստառադիոկորպորացիան, Մուշարաֆը մեղադրվում է Պակիստանի ընդդիմության առաջնորդ Բենազիր Բհուտոյի սպանության մեջ:
Ինքը՝ Մուշարաֆը, հայտարարել է, թե պատրաստվում է հայրենիք վերադառնալ՝ համընդհանուր ընտրություններին մասնակցելու համար:
Բենազիր Բհուտոն Պակիստանի կառավարությունը ղեկավարել է 1988–1990թթ. և 1993–1996 թթ։ 2007թ ընթացքում Բհուտոյի նկատմամբ մի շարք մահափորձեր են իրականացվել, իսկ 2007թ. դեկտեմբերի 27–ին իրականացված ահաբեկության հետևանքով նա, ևս 26 մարդ զոհվեցին։
Նախկին նախագահին կասկածյալների ցուցակի մեջ ընդգրկվել էր ամիսներ առաջ՝ Պակիստանի Ռավալպինդի քաղաքի ոստիկանության նախկին պետ Սաուդ Ազիզի ցուցմունքների հիման վրա։ Հարցաքննություններից մեկի ժամանակ վերջինս հայտարարել էր, թե Բհուտոյի պաշտպանության ռեժիմը փոխելու հրաման անձամբ արձակել է նախկին նախագահ Մուշարաֆը։ Մահափորձից հետո, նախկին նախագահը կարգադրել է նաև լվանալ փողոցները, ինչն էլ դժվարացրել է հետաքննության համար հանցանշանների հավաքումը։
Սաուդ Ազիզը ձերբակալվել էր 2010թ։ Նա մեղադրվում է ծառայողական պարտականությունները չկատարելու մեջ։
Հիշեցնենք, որ 2010 թ. ապրիլին ՄԱԿ–ի կողմից ձևավորված հատուկ հանձնաժողովը Պակիստանի իշխանությունների խնդրանքով հրապարակեց սեփական հետաքննության արդյունքները։ Հանձնաժողովի տվյալների համաձայն՝ տեղի իշխանությունները տեղյակ են եղել սպասվող մահափորձի մասին, սակայն որևէ քայլ չեն ձեռնարկել այն կանխարգելելու համար։ Ըստ հանձանաժողովի՝ մահափորձը կազմակերպել են Պակիստանի «Տալիբներ» շարժման ներկայացուցիչները։
Մուշարաֆը պաշտոնաթողությունից հետո (2008թ.) Մեծ Բրիտանիա է տեղափոխվել:
No comments:
Post a Comment