Popular Posts

Monday, January 9, 2012

Լեխ Կաչինսկու ինքնաթիռի վթարը հետաքննող դատախազն ինքնասպանության փորձ է արել


Լեհաստանում այսօր ինքնասպանության անհաջող փորձ է կատարել Սմոլենսկի օդանավակայանի մոտ աղետի ենթարկված Լեհաստանի նախկին նախագահ Լեխ Կաչինսկու ինքնաթիռի կործանման պատճառների հետաքննությամբ զբաղվող զինվորական դատախազ Միկոլայ Պշիբիլը:
Ինչպես հայտնում է Rzeczpospolita-ն, դեպքը տեղի է ունեցել միջադեպի հետաքննությամբ զբաղվող լրագրողների աշխատանքին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ: Դատախազն ընդհատել է իր ելույթը և հայտարարել ընդմիջում, սակայն երբ լրագրողները լքել են նրա աշխատասենյակը, պաշտոնյան կրակել է իր գլխին:
Rzeczpospolita- ի տվյալներով`լրագրողները, լսելով կրակոցի ձայնը և հայտնաբերելով դատախազին գետնին, շտապ օգնություն են կանչել: Պշիբիլը ողջ է մնացել և գտնվում է բժիշկների հսկողության տակ:
Ասուլիսի ընթացքում զինվորական դատախազը հայտարարել է, որ իր գերատեսչությունն իրավունք ունի լսել նախագահական ինքնաթիռի կործանման հետաքննությամբ զբաղվող լրագրողների բոլոր հեռախոսային խոսակցությունները: Նա ասել է, որ ԶԼՄ-ների գործունեությունը խոչընդոտում է պաշտոնական հետաքննության ընթացքին: Ըստ դատախազի`այդ լրագրողները կարող են հովանավորվել օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից:
Դատախազի ինքնասպանության փորձի մասին լուրից հետո, Լեհաստանի ներկայիս նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին դիմել է ավտանգության ծառայություններին` իրավիճակը վերցնել հսկողության տակ և հետաքննել կատարվածի հանգամանքները:

Հիշեցնենք, որ 2010 թվականի ապրիլի 10-ին Լեհաստանի նախագահական Տու-154Մ ինքնաթիռը կործանվել էր Սմոլենսկի օդանավակայանի մոտ, վայրէջքի ժամանակ։ Զոհվել էին նախագահն ու առաջին տիկինը, խորհրդարանի պատգամավորներ, լեհական զինված ուժերի զորատեսակների հրամանատարներ ու բարձրագույն սպայակազմի ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ։
Միջազգային ավիացիոն կոմիտեն հետաքննության արդյունքում եկել էր այն եզրակացության, որ վթարի պատճառը անձնակազմի սխալն է եղել: Լեհաստանում, սակայն, հետաքննությունն ավարտված չէ: 

No comments:

Post a Comment