Popular Posts

Thursday, January 19, 2012

ՍԱՍ-ի Արտակը արդեն սկսել է զբաղվել նախընտրական բարեգործությամբ


Արաբկիր վարչական շրջանն ընդգրկող թիվ 7 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու է առաջադրվելու Արտակ Սարգսյանը (ՍԱՍ-ի Արտակը), որն արդեն սկսել է զբաղվել նախընտրական բարեգործությամբ:

Հունվարի 18-ին, ժամը 18:00-ին, Ավետ Ավետիսյան 112/2 հասցեում տեղի է ունեցել «Արաբկիր» բարեգործական ուսումնական կենտրոնի պաշտոնական բացման արարողությունը: Ինչպես տեղեկանում ենք հիմնադրամի տարածած հաղորդագրությունից, երեկոյի ընթացքում հյուրերին ներկայացվել է ուսուցման ծրագիրը: Բացմանը ներկա են եղել «Արաբկիր» բժշկական կենտրոնի տնօրեն Արա Բաբլոյանը, Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը, Լևոն Թոքմաջյանը, Սուրեն Խորենյանը, Ալբերտ Մկրտչյանը, Երվանդ Երզնկյանը, Կարեն Աղամյանը, Լևոն Անանյանը, Արտաշես Հովհաննիսյանը և այլոք:
«Արտակ Սարգսյան» բարեգործական հիմնադրամի «Արաբկիր» անվճար ուսումնական կենտրոնը կծառայի Արաբկիր վարչական շրջանի բոլոր փոքրիկների համար, որտեղ երեխաները կստանան անգլերեն լեզու սովորելու, ինչպես նաև համակարգչային գիտելիքներ ձեռք բերելու հնարավորություն: Կենտրոնում դասավանդելու են բարձրակարգ մասնագետներ: Հիմնադրամի նպատակն է ստեղծել մի կենտրոն, որը կտա այն կարևոր գիտելիքները, որոնք յուրաքանչյուր երեխայի կյանքում կարևոր նշանակություն կունենան, քանի որ թե՛ անգլերենը, թե՛ համակարգիչը մեծ դեր են խաղում ինֆորմացիոն դարաշրջանում:
Հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ կենտրոնի գործունեությունը կնպաստի վաղվա սերնդի կրթության և մասնագիտական որակի բարձրացմանը, կամ ուղղակի ուսյալ հասարակության ձևավորմանը, և սրանով իսկ` ամուր պետություն կառուցելու նվիրական գործին: Արաբկիր վարչական շրջանի փոքրիկներն ունեն այս դպրոցում անվճար սովորելու բացառիկ հնարավորություն:

No comments:

Post a Comment