Թուրքիան Ռուսաստանից պետք է պահանջեր «Հարավային հոսք» նախագծի կոնսորցիումից հանել ֆրանսիական EDF կոնցեռնը: Այս մասին, ռուսական «Ռեգնում» գործակալության հաղորդմամբ, ասել է թուրք փորձագետ Նեջեթ Պամիրը:
Փորձագետն, անդրադառնալով «Հարավային հոսքը» կառուցելու առնչությամբ Թուրքիայի և Ռուսաստանի միջև վերջերս ձեռք բերված պայմանավորվածությանը (դեկտեմբերի 28–ին Թուրքիան պաշտոնապես թույլատրեց Ռուսաստանին իր ծովային տնտեսական գոտում կառուցել «Հարավային հոսք» գազամուղը)՝ ասել է, որ Թուրքիան այդ հարցում շտապել է: «Մենք պետք է ծանրութեթև անեինք այդ նախագծի իրականացման բոլոր դրական և բասացական կողմերը,-ասել է փորձագետը և հավելել,-Թուրքիայի համար, իհարկե, ավելի շահավետ կլիներ «ՆԱԲՈՒԿՕ» նախագծի իրականացումն, այդ հարցում, սակայն, մենք Եվրոպայի կողմից որևէ խանդավառություն չնկատեցինք»:
Անդրադառնալով վերոնշյալ երկու նախագծերի քաղաքական ասպեկտներին՝ փորձագետն ընդգծել է, որ «ՆԱԲՈՒԿՕ» նախագծում, ի տարբերություն «Հարավային հոսք» նախագծի, ֆրանսիական ընկերություններ չկան: «Չեմ հասկանում, թե կառավարությունն ինչու իր համաձայնություն տալուց առաջ Ռուսաստանի առջև պայման չդրեց կոնսորցիոմից հանել ֆրանսիական ընկերությունը, որը նախագծում բաժնետոմսերի 15%-ի սեփականատերն է»,-ասել է փորձագետը:
«Հարավային հոսքը» նախատեսում է ռուսական Ջուբգա նավահանգիստը բուլղարական Վառնա նավահանգստին կապող գազախողովակ կառուցել, որը կանցնի Սև ծովի հատակով: Գազախողովակի ցամաքային երկու ճյուղերը Բալկանյան թերակղզով կանցնեն դեպի Իտալիա և Ավստրիա: Նշենք, որ գազախողովակի հստակ երթուղին դեռևս հաստատված չէ: «Հարավային հոսքի» նախագծային հզորությունը տարեկան 63 մլրդ խմ է: Գազախողովակի գործարկման մեկնարկ է սահմանված 2015 թվականը։
Նախագծում ռուսական «Գազպրոմ» ընկերությանն է պատկանում բաժնետոմսերի 50%-ը, ֆրանսիական EdF և գերմանական Wintershal կոնցեռներին՝ 15-ական տոկոսը, իսկ իտալական ENI-ին՝ 20%-ը:
Իսկ «ՆԱԲՈՒԿՕ» նախագծով նախատեսվում է Թուրքիայի և բալկանյան երկրների տարածքով գազ փոխադրել եվրոպական երկրներ:
No comments:
Post a Comment