135 դպրոցի աշակերտներից մեկի ծնողը մեղադրում է Պաշտպանության նախարարի խորհրդական և նախարարությանը կից Հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանին, ով նույն դպրոցում տարիներ շարունակ պատմություն առարկա է դասավանդում, դպրոցի 9-րդ դասարանի աշակերտներից մեկին հարվածելու և քիթը կոտրելու մեջ:
Անհայտ աշակերտի ծնողը ներկայացել է Facebook-յան օգտատեր Անիկ Գրիգորյանի անունից և այս միջադեպի մասին երեկ բաց նամակի տեսքով տեղեկացրել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին` նամակը տեղադրելով նրա Facebook-յան էջին: Բաց նամակի տեսքը Անիկ Գրիգորյանը տեղադրել է նաև Tert.am-ի էջում՝ պնդելով որ տուժած աշակերտին անմիջապես տեղափոխել են դպրոցի բուժկետ: Նրա բաց նամակի համաձայն` տղայի ծնողները չեն բողոքել, քանի որ Գեղամ Հարությունյանը լեզու է գտել աշակերտի ծնողների հետ: Նամակում նշված է նաև, որ վկաներ կան, որից մեկն էլ հենց բուժկետի բժիշկն է:
Դպրոցի տնօրեն Գարիկ Ներսեսյանը հավատացրեց, որ նման միջադեպ տեղի չի ունեցել:
«Նման բան չի եղել, այդ ծնողը թող գա, ներկայանա, պարզաբանենք: Եթե լիներ ես կիմանայի: Այդ ուսուցիչը այնքան զարգացած ու կիրթ մարդ է, որ նման բան իրեն թույլ տալ չէր կարող: Նրա դասերի ժամանակ անգամ տզզոց չի լինում, էլ ուր մնաց մեկը իրեն այնպիսի բան թույլ տար, որ Հարությունյանն էլ հարվածեր: Ես քիչ առաջ խոսել եմ նաև բուժկետի բժշկի հետ: Նա նույնպես տեղյակ չէր դեպքից»,- ասաց 135 դպրոցի տնօրեն Գարիկ Ներսիսյանը:
Պատմության ուսուցիչ, Պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը բաց նամակը իսկական հերյուրանք համարեց:
«Տվե՛ք այդ աշակերտի անունը: Ո՞վ է նա: Այս ամբողջ պատմությունը հիվանդ մտքի արգասիք է»,- ասաց նա:
Պարոն Հարությունյանը դժվարացավ պատասխանել այն հարցին, թե այս միջադեպը ուղղված է իր անձին, թե Պաշտպանության նախարարությանը:
Պարոն Հարությունյանը դժվարացավ պատասխանել այն հարցին, թե այս միջադեպը ուղղված է իր անձին, թե Պաշտպանության նախարարությանը:
«Եթե իմանամ` ով է կանգնած այս ամենի հետևում, գուցե կարողանամ ասել: Բայց ինչու պետք է ուղղված լինի նախարարությանը, ես նախարարի խորհրդականը լինելուց բացի նաև ուսուցիչ եմ: Կուզենայի, որ պարզվեր թե ով է ինձ վարկաբեկող մարդը և դատարանի առջև պատասպան տար»,-ասաց Պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարույթյունյանը:
Ի դեպ, հետաքրքիր է, որ Անիկ Գրիգորյան անուն-ազգանունով օգտատերը Facebook-ում ունի ընդամենը երկու ընկեր՝ «Չենք լռելու» նախաձեռնությունն ու Արթուր Սաքունցը։ Իսկ նախասիրությունները սահմանափակվում են Tigran Sargsyan, Չենք լռելու, Tert.am, News.am և Slaqam էջերով։ Հետաքրքրական է նաև, որ դպրոցի աշակերտներից մեկի ծնողի անունից հանդես եկողը չի նշել աշակերտի կոնկրետ անունը, այլ գրել է «9-րդ դասարանի մի աշակերտ»։
Tert.am-ի էջում Անիկ Գրիգորյանի կողմից տեղադրված տեղեկության մեջ նշվում է, որ խնդրին տեղյակ է նաև իրավապաշտպան Արթուր Սաքունցը։ Վերջինս Tert.am-ի հետ զրույցում հաստատեց, որ խնդրի մասին տեղյակ է, սակայն ասաց, որ մանրամասներին ծանոթ չէ, և կկարողանա այդ մասին խոսել միայն երկու օրից։
Մենք նաև Facebook-ի մեր էջում ի պատասխան Անիկ Գրիգորյանի մեկնաբանությանը խնդրել ենք նրան մեր խմբագրության էլեկտրոնային փոստին ուղարկել հեռախոսահամար՝ վերը բերված հերքումներին ի պատասխան իր տեսակետները ևս ներկայացնելու համար, սակայն դեռ արձագանք չունենք։
No comments:
Post a Comment