Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Հայաստանի ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի դատավարությունը:
Մինչև ընդմիջումը նրա դատապաշտպան Մկրտիչ Վասակյանը միջնորդություն էր ներկայացրել պաշտպանյալի խափանման միջոցը փոխելու և ստորագրությամբ կամ 3 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու մասին:
Ըստ փաստաբանի`ՃՈ նախկին պետի ընտանիքը վերականգնել է պետությանը հասցված վնասը` 137 միլիոն դրամը, պատրաստ է վերականգնել նաև փորձաքննության ընթացքում ավելացված 19 միլիոն դրամի վնասը:
Սակայն քիչ առաջ պարզ դարձավ, որ դատարանը մերժեց Մարգար Օհանյանի նկատմամբ կիրառած կալանքը փոխելու և գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը:
Հիշեցնենք, որ Մարգար Օհանյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով` պաշտոնեական դիրքը չարաշահելու և առանձնապես խոշոր չափի յուրացում կատարելու մեջ։ Ըստ մեղադրանքի, Ճանապարհային ոստիկանության նախկին պետը յուրացրել է մարզային ճանապարհային ոստիկանությանը հատկացված բենզինի զգալի մասը` պետությանը պատճառելով մեծ չափերի վնասներ։
Ըստ նախաքննական մեղադրական եզրակացության՝ Մարգար Օհանյանն իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ` էական վնաս պատճառելով պետությանը։ Նա մասնավորապես մեղադրվում է 2 480 720 լիտր բենզին յուրացնելու մեջ։
Դատարան են բերվել նաև նույն գործով մեղադրյալներ Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի նախկին հրամանատար Ստեփան Կարախանյանը, Ճանապարհային ոստիկանության աշխատակիցներ Արա Լևոնյանը և Սամվել Մախմուրյանը։ Մարգար Օհանյանը խոստացավ դատաքննության ընթացքում շատ բաներ բացահայտել:
No comments:
Post a Comment