Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Գաբրիել Քելերին ԱԳՆ–են կանչել, որտեղ նա հանդիպել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովին։
Ադրբեջանական Trend.az կայքը, վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ–ի տարածած հաղորդագրությունը, հաղորդում է, որ հանդիպման ընթացքում Խալաֆովը դեսպանին տեղեկացրել է, թե հունվարի 23–ին Ֆրանսիայի Սենատում քննարկվելիք Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականցնող օրինագիծն Ադրբեջանում լուրջ մտահոգություն է առաջացնում, և որ նման օրենքի ընդունումը բացասաբար է ազդելու տարածաշրջանային զարգացումների վրա։
Քելերն իր հերթին նշել է, թե վերոնշյալ հարցի առնչությամբ Ադրբեջանի դիրքորոշումը «կհասցնի» Ֆրանսիայի կառավարությանը։
Ֆրանսիայի Ազգային ժողովն անցած ամիս ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին օրինագիծը։ Նոր օրինագծի համաձայն՝ Ֆրանսիայում Հայոց ցեղասպանությունը ժխտողներին մինչև 1 տարվա ազատազրկում է սպառնում և 45.000 եվրո տուգանք։ Օրինագիծը հունվարի 23–ին քննարկվելու է Սենատում։
No comments:
Post a Comment