«Եվրոպական դատարանից հայցադիմումները հետ վերցնելու որևէ մտադրություն չկա, քանի դեռ չեն բեկանվել մեր նկատմամբ կայացված ապօրինի վճիռները, որոնցով մեզ մեղադրել են պետական հեղաշրջման մեջ»,- հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի անդամ, մարտիմեկյան իրադարձությունների առիթով ձերբակալված, ապա համաներմամբ ազատ արձակված ԱԺ նախկին պատգամոր Մյասնիկ Մալխասյանը` անդրադառնալով կայքերից մեկի այսօրվա այն հրապարակմանը, որտեղ առանց անուններ նշվելու` գրվել էր, թե նախկին քաղբանտարկյալները մտադիր են Մարդու իրավունքների եվրոպական դատարանից հետ վերցնել իրենց հայցադիմումները:
Մալխասյանի խոսքով` իրենց համար բացարձակ հաճելի չէ դիմել Եվրոպական դատարան, սակայն իրենք ստիպված են եղել դիմել այդ քայլին, քանի որ արդարադատության չեն հասել հայաստանյան դատական ատյաններում: «Մենք ստիպված ենք եղել դիմել Եվրոպական դատարան, դա մեզ հաճելի չէր, սակայն մենք ստիպված էինք, քանի որ մեզ մեղադրել են ծանր հանցագործությունների մեջ»,- նշեց Մալխասյանը` բացառելով, որ նախկին քաղբանտարկյալներից որևէ մեկը կարող է հայցադիմումը հետ վերցնելու մտադրություն ունենալ:
Հայ ազգային կոնգրես ընդդիմադիր դաշինքի իրավական ծառայության ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը ևս տեղյակ չէր այս լուրից: Նախկին քաղբանտարկյալներից մի շարք անձանց, այդ թվում` Մալխասյանի գործով զբաղվող փաստաբան Հովիկ Արսենյանը հարցին, թե արդյո՞ք համապատասխանում է վերը նշված լուրը իրականությանը, արձագանքեց. «Տեղյակ չեմ, առաջին անգամ Ձեզնից եմ լսում»:
Նախկին զինդատախազ, ՀԱԿ ներկայացուցիչ Գագիկ Ջհանգիրյանը, նրա եղբոր` Վարդան Ջհանգիրյանը, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, ՀԱԿ ներկայացուցիչ Սմբատ Այվազյանը ևս չեն պատրաստվում իրենց հայցադիմումները հետ վերցնել Եվրոպական դատարանից: «Մեր կողմից դիմած նախկին քաղբանտարկյալները չեն պատրաստվում ԵԴ-ից հետ վերցնել իրենց հայցադիմումները: Գագիկ Ջհանգիրյանը Եվրոպական դատարանին է ներկայացրել 3 գանգատ, Վարդան Ջհանգիրյանը` 2 գանգատ, իսկ Սմբատ Այվազյանը` 1 գանգատ: Լևիկ Խաչատրյանը ևս երկու գանգատ է ներկայացրել և չի պատրաստվում հետ վերցնել իր հայցադիմումը» ,- ասաց Ջհանգիրյանների և Այվազյանի փաստաբան Լուսինե Սահակյանը:
Հիշեցնենք, որ մարտիմեկյան դեպքերով ձերբակալվածները իրենց համարում են քաղբանտարկյալներ, իսկ իրենց նկատմամբ կայացված վճիռներն ապօրինի, ինչի համար 2009թ գարնանը դիմել էին Եվրոպական դատարան:
No comments:
Post a Comment