Popular Posts

Monday, January 16, 2012

Կազակները որոշել են «հայրենի հողը» մեկընդմիշտ մաքրել հայերից


«Կազակները հայ համայնքի ներկայացուցիչների հետ այժմ արդեն «հարաբերություններ են պարզում» ոչ միայն Հյուսիսային Կովկասում, որտեղ նրանց միջև բախումները սովորական երևույթ են դարձել (նույնիսկ այնպիսի բախումները, որոնց ժամանակ կրակոցներ են հնչում), այլ նաև Ուրալում։ Եվ եթե հարավում բախումներն ավարտվում են առանց փոխադարձ ճոռոմ մեղադրանքների (պարզապես կրակում ու ցրվում են), ապա Ուրալում կազակներն այլ կերպ են գործում. մասնավորապես, նրանք հայկական համայնքին մեղադրում են «իշխանության իրական լծակները բռնագրավելու և դրանք փոխելու», «շրջանի տնտեսական համակարգը զավթելու ու տեղական ինքնակառավարման մարմինները սեփական շահերին ծառայեցնելու» մեջ, իսկ սրանք արդեն, համաձայնեք, որ շարքային միջէթնիկ «պարզաբանումներ» չեն»,– Не любо! (Դուրեկան չէ). Ուրալում հայերի և կազակների միջև պատերազմը հասունանում է» վերտառությամբ հոդվածում (ռուսական Versia.ru կայքում) գրում է Օլեգ Գորելովը։

Հոդվածագիրն ընդգծում է, որ հայերն էլ «ետ չեն մնում» և պարբերաբար ոստիկանություն են դիմում՝ ասելով, որ կազակները հայերի զանգվածային կոտորած են իրականացնում։ «Երկու կողմերն էլ բողոքում են Ուրալի դաշնային շրջանում ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցչին, որը, սակայն, ակնհայտորեն «իրեն հեռու է պահում» այդ ամենից և իրավապահ մարմիններին «որևէ հուշում» չի անում. մյուս կողմից էլ որ մեկին «բռնեն ու տանեն»,–գրում է Գորելովը և հավելում,– Մինչ իշխանությունն ու իրավապահ մարմինները ձևացնում են, թե որևէ արտառոց բան տեղի չի ունենում, կազակներն ու հայերը զինվում են. տեղական մամուլն արդեն հաշվել է զինանոցների մոտավոր տարողությունը և տագնապ է բարձրացնում, քանի որ պաշարները կարող են բավականացնել երկարատև զինված հակամարտության համար»։
Գորելովը նշում է, որ հայերի և կազակների միջև զանգվածային բախումները նախատեսված են հունվարի վերջին. «Կազակներն այս անգամ խոստանում են մեկընդմիշտ մաքրել հայրենի հողը «զավթիչներից», հայերն էլ իրենց հերթին պատրաստվում են այլ շրջաններից ազգականների ներգրավել։ Հունվարի 31–ը կազակները «ցասման օր են» հայտարարել։ Թե դա ինչ է նշանակում, չեն պարզաբանում, ասում են՝ ամեն ինչ ինքներդ կտեսնեք»։

Հոդվածագիրն ընդգծում է, որ Ուրալում հայերից բացի նաև ադրբեջանցիներ, դաղստանցիներ և չինացիներ են ապրում, որոնց հետ, սակայն, կազակները խնդիրներ չեն ունեցել, իսկ ահա հայերի հետ...։ «Եթե վստահենք ուրալյան ԶԼՄ–ներին, ապա այստեղ ոչ թե ծեծկռտուք է, այլև զինված դիմադրության համար երկկողմանի նախապատրաստական աշխատանքներ»,–գրում է նա։
«Իսկ ամեն ինչ սկսվեց անցած աշնանը՝ Եկատերինբուրգից 120 կմ հեռավորության վրա՝ Արտյոմովսկ փոքր քաղաքում, որտեղ նաև մեծ թվով հայեր են ապրում։ Հենց այդ քաղաքի մունիցիպալիտետն է, որ համանքն իր «շահերին է ծառայեցնում»։ Քաղաքը ղեկավարվում է նոր, որոշ չափով տարօրինակ սխեմայով. այնտեղ երկու ֆորմալ ղեկավար կա. մեկը՝ քաղաքային Դումայի նախագահը, մյուսը՝ քաղաքի վարչական ապարատի ղեկավարը՝ «սիթի մենեջերը»։ Ամռանը պետք է ավարտվեր «սիթի մենեջերի» պաշտոնի համար մրցույթը։ Հիմնական թեկնածուին, սակայն, մեղադրեցին հայ համայնքին աջակցելու և հովանավորելու մեջ և հաղթողին, այդպիսով, չորոշեցին։ Հայերը, որ քարոզարշավի ժամանակ, հավանաբար, բավական միջոցներ էին ծախսել, տեղի տվեցին իրենց զգացմունքներին, որոնք սանձահարելու եկան Օրենբուրգի կազակների միության զինյալները։ Գործը հասավ զենքին, և կողմերին հանդարտեցնելու համար հատուկ ջոկատայիններին ուղարկեցին, որոնք, ինչպես ասում են, գործեցին վճռականորեն, նույնիսկ մի բան էլ ավելի, բայց, չգիտես ինչու, միայն կազակների դեմ։ Սվերդլովսկի մարզի նահանգապետ Ալեքսանդր Միշարին էլ, որն ի դեպ, Արտյոմովսկում է մեծացել, ողջունեց հատակուկջոկատայինների գործողությունները»,–գրում է հոդվածագիրը՝ ավելացնելով, որ հատուկջոկատայինների գործողություններն ուղեկցվել են մի շարք ձերբակալություններով, ինչպես նաև զենք ու զինամթերքի բռնագրավումով։

Գորելովը նշում է, որ իրավապահ մարմինների ներկայացուցիչներն այդ ամենից հետո խոստացել էին էլ ավելի վճռական գործել, ինչն էլ զայրացրել էր Օրենբուրգի կազակների միության զորային ատաման Վլադիմիր Ռոմանովին, որը հանդես էր եկել կոզակների պաշտպանությամբ։ Իսկ Ուրալի կազակների միության մեկ այլ ներկայացուցիչ՝ Վիկտոր Սյոմինը, ասել էր, որ իրենք որոշել են կազակների հավաք անցկացնել և քննարկել տեղի ունեցած միջադեպը։
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կազակներին հրապարակավ վիրավորել են, նրանց հավասարեցրել բանդիտներին, տեղի բնակչության աչքում վարկաբեկել ողջ շարժումը, կազակները որոշել են նման հրապարակայնորեն լուծել ստեղծված իրավիճակը»,–ասել էր Սեմինը՝ ընդգծելով, որ վերոնշյալ միջադեպը կազակների դեմ ուղղված սադրանք էր (հայերի կողմից)։

Հոդվածագիրը նշում է, որ հրապարակավ «ռազբորկայի» համար հրավիրվել էին Ուրալի դաշնային շրջանում ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ Եվգենի Կույվաշևը, նահանգապետ Ալեքսանդր Միշարինը, Սվերդլովսկի մարզի դատախազը և այլք։ Նրանք, սակայն, այդ հրավերը «չէին ընդունել»։ Հանդիպմանը եկել էին միայն քաղաքային դումայի պատգամավորներ Գենադի Վինոգրադովը և Ալեքսանդր Մալիխը, իսկ հանդիպումը որևէ արդյունք չէր տվել։
«Այժմ կազակները «ցասման օրվանն են» պատարաստվում, և իշխանությունները պետք է վերջնական որոշում կայացնեն։ Եվ եթե տեղի բնակիչները զգան, որ նրանք «կողմոնորշվել են» ոչ իրենց օգտին, ապա հակամարտությունը միջէթնիկականից քաղաքականի կարող է վերածվել»,–նշում է հոդվածագիրը։

No comments:

Post a Comment