Popular Posts

Thursday, January 5, 2012

Ջրի կաթիլն էլ է քար ծակում,- Սասուն Միքայելյան

«Նոր տարին ընտանիքիս հետ եմ նշել, դա ամենամեծ ուրախությունն էր։ Չէ՞ որ 4 տարի է անազատության մեջ էի դիմավորում Նոր Տարին»,– ասաց նախկին քաղբանտարկյալ, ՀԱԿ անդամ Սասուն Միքայելյանը: 
«Կյանքը պայքար է, ոչ մի բանից պետք չէ հուսահատվել, եթե ամեն ինչ ճիշտ ես անում ի փառս հայրենիքի և ժողովրդի, ուրեմն պետք չէ վհատվել, ամեն ինչ իր տեղը կընկնի»,- ասաց Սասուն Միքայելյանը` հետադարձ հայացքով գնահատելով անազատության ավելի քան 3 տարիները: Նա նշեց, որ փառքով է հիշում նաև այդ տարիները, քանի որ հենց այդ ընթացքում հանրապետությունում փոխվեց ներքաղաքական վիճակը և ձևավորվեց նորմալ ընդդիմություն:

«Ես դեռ 4 տարի առաջ էի գիտակցում, որ եթե այսպես շարունակվի, շատ վատ է լինելու, հիմա պարզվում է, որ ես իմ հաշվարկներում ճիշտ էի»,- ասաց Սասուն Միքայելյանը` հավելելով, որ իր հետ կապված այսքան թոհուբոհից հետո ժողովուրդն ավելի շատ է գնահատում իրեն, քանի որ տեսնում է, որ Սասուն Միքայելյանը այն նույն հարթակում է, ուր ժողովուրդն է գտնվում:
Անդրադառնալով առաջիկայում Հրազդանի քաղաքապետի ընտրություններում իր թեկնածության առաջադրմանը, նա ասաց, որ ժողովրդի պահանջով ինքը դնելու է իր թեկնածությունը, քանի որ տարիների ընթացքում կուտակվել են շատ գործեր, որոնք պետք է կյանքի կոչվեն, քաղաքը պետք է տեսքի բերվի, պետք է վերականգնվի քաղաքապետարան-ժողովուրդ հարաբերությունները:

«Հրազդանում հավատ չկա, մարդկային հարաբերություններ չկան, ժողովրդի պահանջով ես կդնեմ իմ թեկնածությունը քաղաքապետի ընտրություններում, և իմ առաջին անելիքը կլինի վերականգնել մարդկանց հավատը դեպի կյանքը, ներշնչել ժողովրդին մնալ իր հողի վրա և չարտագաղթել, այնպես որ ամեն ինչ պիտի փոխվի»,- ասաց ՀԱԿ անդամը:
Ինչ վերաբերում է քաղաքապետի ընտրություններում իր ընտրվելու հավանականությանը, ապա Սասուն Միքայելյանը այն շատ բարձր է գնահատում, քանի որ Հրազդանի տարածքում ինքը նախկինում 5 անգամ ընտրվել է` 1 անգամ քաղաքապետ և 4 անգամ մեծամասնականով ԱԺ պատգամավոր:

«Ես իմ պայքարը տանելու եմ, թեկուզ կաթիլ առ կաթիլ։ Չէ՞ որ ջրի կաթիլն էլ է քար ծակում>,-ասաց Սասուն Միքայելյանը` նոր տարին անվանելով հավատի վերականգնման տարի:
Այն հարցին, թե ինչ կփոխեր նախկին ԱԺ պատգամավորը այսօրվա քաղաքականության մեջ, նա ասաց, որ կուզենար, որ քաղաքականության մեջ հոգի ներդրվեր:
«Ես պատերազմի միջով անցած մարդ եմ ու գիտեմ, որ գաղթից դաժան բան չկա և ամեն մարդ իր գործունեությամբ կարող է և պարտավոր է կանգնեցնել արտագաղթը և հնարավորություն տա ժողովրդին շնչելու և իր հողից կառչելու»,- համոզմունք հայտնեց Սասուն Միքայելյանը:

No comments:

Post a Comment