«Մեծամասնական կարգով ընտրություններն ամեն դեպքում կեղծվում են: Մեր պես չկայացած երկրում իշախնությունը ձգտում է վերարտադրվել, իսկ դրա մեխանիզմներից մեկը մեծամասնական ընտրակարգն է»,- այսօր օրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը:
Ըստ նրա` ընդդիմության արձագանքը 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու շուրջ տեղին է և ժամանակին:
Բանավեճի մյուս բանախոս ՀՀԿ պատգամավոր Արտակ Դավթյանը դեմ արտահայտվեց ընդդիմախոսի պատճառաբանությանը: ՀՀԿ պատգամավորի կարծիքով` ամբողջապես համամասնական ընտրակարգին անցնելու թերությունները շատ են` որոնցից է թույլ կառավարման համակարգը, թույլ կապը ընտրողի և պատգամավորի միջև, տարածքների ներկայացվածության թույլ մակարդակը:
«Մեր իրականության համար ամենակարևոր թերությունն այն է, որ անցնելով համամասնականի, դա կբերի կուսակցամոլության երևույթների»,- ասաց Արտակ Դավթյանը:
ՀՀԿ պատգամավորը ևս մեկ առարկում ուներ. ընդդիմության առաջարկի ընդունման դեպքում, նրա համոզմամբ, ԱԺ ամեն դեպքում անցնելու է 3-4 կուսակցություն: Ալեքսանդր Արզումանյանը հակադարձեց. « Եթե դուք վստահ եք, որ կանցնեն այդքան կուսակցություններ, ապա կոչ եմ անում, որ ընդունեք ընդդիմության առաջարկը»:
Ալեքսանդր Արզումանյանի համոզմամբ խառը ընտարակարգով բացառված է ընդդիմության հաղթանակը, քանի որ ըստ նրա` դա պարզ թվաբանություն է. «Քառասունմեկ մեծամասնական պատգամավորների գումարման պարագայում ամեն դեպքում խորհրդարանում իշխանությունն է մեծամասնություն կազմելու: Եթե ընդդիմությունը 60 տոկոս ձայն հավաքի, ապա իշխանության ձայներին գումարած մեծամասնականի 41 ձայները, ստացվում է, որ կրկին առավելություն ունեն»:
ՀՀԿ պատգամավորն իր սեփական տեսակետն առաջարկեց, այն է` ընտրական համակարգի հարցը դնել հանրաքվեի, քանի որ այն շատ կարևոր հարց է ժողովրդի և պետության համար:
No comments:
Post a Comment