Popular Posts

Sunday, January 15, 2012

Ղազախստանի մայրաքաղաքում այրվում է Միջին Ասիայի խոշորագույն մզկիթը


Ղազախստանի մայրաքաղաք Աստանայի կենտրոնում այրվում է «Հազրեթ Սուլթան» մզկիթը, հաղորդում է Forbes.ru–ն։ Նախնական տվյալներով, հրդեհի հրապարակը կազմում է գրեթե 300 քմ։ Հրդեհը մարելու համար գործի են դրվել հրշեջների 32 անձնակազմ, այսինքն ղազախական մայրաքաղաքի ամբողջ կայազորը։ Հրդեհի օջախը գտնվում է շինության վերևի մասում, կենտրոնական գմբեթի շրջանում։
Դեպքի վայր ժամանած Ղազախստանի Արտակարգ իրավիճակների նախարար Վլադիմիր Բոժկոն տեղեկացրել է, որ այրվում է գմբեթի փայտե ծածկը, այդ իսկ պատճառով ամենամեծ ծխագոյացությունը մզկիթի կենտրոնական սրահում է։
Մզկիթի շինաշխատանքներին մասնակցող բոլոր շինարարներն էվակուացված են և զոհեր ու վիրավորներ չկան։
«Հազրեթ Սուլթանը» Ղազախստանի խոշորագույն մզկիթն է։ Դրա համար հատկացված տարածքը 11 հա է, իսկ բուն շինությունը զբաղեցնում է 17.7 հազ. քմ տարածք։ Այն ներառում է աղոթքի, հարսանեկան արարողությունների, ընթերցանության և այլ նշանակության տարբեր սրահներ։ Կառույցի ամենամեծ սրահը նախատեսված է 5000 մարդու համար։ Հիմնական գմբեթի բարձրությունը կազմում է 51 մետր։
Մզկիթի կառուցման նախաձեռնությունը երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաևինն է։ Այն պետք է բացվեր անցած տարվա դեկտեմբերին՝ նվիրվելով Ղազախստանի անկախության 20-ամյակին, սակայն ավելի ուշ հայտնի դարձավ, որ բացումը հետաձգվում է։

No comments:

Post a Comment