Իրանի իշխանությունները մոտ ապագայում կշահագործեն ուրանի հարստացման ստորգետնյա գործարանը: Այս մասին այսօր հայտնել են իրանական լրատվամիջոցները` վկայակոչելով կառավարական շրջանակների աղբյուրին:
«Ուրանի հարստացման Fordow գործարանը շահագործման կհանձնվի մոտ ժամանակներում: Գործարանը թույլ կտա ստանալ մինչև 20, 3.5 և 4 տոկոս հարստացված ուրան»,- Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ֆերեյդուն Աբասի Դավանիի խոսքերն է մեջբերել իրանական Kayhan օրաթերթը:
Գործարանի շահագործման լուրը կարող է ավելի սրել Իրանի և Արևմուտքի միջև առկա լարվածությունը: Եվրոպական երկրներն Իրանից պահանջում են դադարեցնել սեփական միջուկային ծրագիր ունենալու աշխատանքները: Արևմուտքը գտնում է, որ Իրանը միջուկային զենք է ստեղծում:
Թեհրանը բազմիցս հայտարարել է, որ միջուկային ծրագիրը կրում է բացառապես խաղաղ բնույթ և ուղղված է երկրի էլեկտրաէներգիայի պահանջների բավարարմանը:
Իրանի և Արևմուտքի միջև լարվածությունը սրվեց հատկապես այն բանից հետո, երբ իրանական իշխանությունները սպառնացին փակել Հորմուզի նեղուցը (այն նավթի մատակարարման կարևոր զարկերակ է համարվում), եթե ԱՄՆ-ն և Եվրոպան արգելք մտցնեն իրանական նավթի հանդեպ:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան զինվորական Ալի Աշրաֆ Նուրին հայտարարել է, որ եթե Եվրամիությունն իրանական նավթի ներկրման հանդեպ արգելք մտցնելու մասին որոշում ընդունի, ապա Թեհրանը կփակի Հորմուզի նեղուցը: Իրանական «Խորասան» թերթը,մեջբերելով Նուրիի խոսքերը, այսօր գրել է, որ իրանական ղեկավարությունն արդեն ընդունել է այդ մասին որոշումը:
Պարսից և Օմանի ծոցերը միավորող Հորմուզի նեղուցով են կատարվում մինչև 40 տոկոս համաշխարհային նավթամատակարարումները: Շաբաթ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կոչ էր արել ԱՄՆ-ին և Իրանին բանակցությունների միջոցով թոթափել նեղուցում լարվածությունը:
Չորեքշաբթի ԵՄ անդամ երկրները «սկզբունքային համաձայնության» են եկել իրանական նավթի ներմուծման հանդեպ արգելք մտցնելու հարցում: Այս մասին որոշումը կարող է ընդունվել մինչև ամսվա վերջ` հունվարի 30-ին, Եվրամիության անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստում:
Իրանի ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Շամսեդին Հոսեյնիի կարծիքով` ԵՄ նմանատիպ գործողությունը դիտարկվում է որպես Իրանի հանդեպ «տնտեսական պատերազմ»:
No comments:
Post a Comment