Popular Posts

Wednesday, January 18, 2012

Արարատի փոխքաղաքապետ Կարեն Խաչատրյանը ԲՀԿ-ից դուրս գալու դիմում է գրել

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանն առաջարկում է մեծ ողբերգություն չսարքել նրանից, որ Արարատի փոխքաղաքապետ Կարեն Խաչատրյանը ԲՀԿ-ից դուրս գալու դիմում է գրել: 

«Ես չեմ ճանաչում նրան, չգիտեմ էլ՝ ով է: Մեր կուսակցությունը 200-300 հազար անդամ ունի: Հիմա ինչ-որ խեղճուկրակ մարդ որոշել է դուրս գալ ԲՀԿ-ի շարքերից… Թող դուրս գա: Դրանից պետք չէ ողբերգություն սարքել, հակառակը, կուսակցությունը մաքրվում է»,- նկատեց նա:

Դիտարկմանը, որ խոսքն ամենևին էլ ԲՀԿ շարքային, «խեղճուկրակ» անդամի մասին չէ, այլ Արարատի փոխքաղաքապետի, ով, բացի դրանից, նաև ԲՀԿ Արարատի կառույցի հիմնադիրն ու ղեկավարն էր, պատգամավորն ասաց. «Դա ոչինչ չի նշանակում, նա, ելնելով ինչ-որ շահերից, դուրս է եկել ԲՀԿ-ից: Խնդրեմ, թող դուրս գա: Դա ինչ-որ տեղ ավելի լավ է, քան մնա, բայց իրականում հակառակ գործի: Կրկնում եմ, ես ընդհանրապես տեղյակ էլ չեմ, որ նման դեպք է եղել, ոչ գիտեմ, որ նա մեր կուսակցության անդամ է, ոչ էլ գիտեմ, որ ԲՀԿ Արարատի կառույցի աշխատանքներն էր համակարգում»:

Անդրադառնալով Կարեն Խաչատրյանի հայտնած այն մտքին, թե «ուզում եմ մնամ իմ երկրի նախագահի կողքին» և պատասխանելով հարցին՝ նշանակո՞ւմ է դա, որ ԲՀԿ-ն հանրապետության նախագահի կողքին կանգնած չէ, Վարդան Բոստանջյանը կեսկատակ-կեսլուրջ նշեց. «Ինչ հետաքրքիր մտքեր է արտահայտել, ինքը ո՞ր ակադեմիան է ավարտել: Հանրապետության նախագահը, երևի թե շատ անհամբեր սպասում է նրան, որ գնա իր կողքին կանգնի: Այդ առումով ուրեմն, ինքը ճիշտ քայլ է արել»:

Հարցին՝ հնարավո՞ր է, որ ԲՀԿ անդամների կողմից կուսակցության շարքերը լքելը միտում դառնա, Վարդան Բոստանջյանն ասաց. «Բացարձակապես ոչ, հազար անգամ ոչ»:

Նշենք, որ Արարատի փոխքաղաքապետ Կարեն Խաչատրյանը երեկ՝ հունվարի 18-ին, ԲՀԿ-ից դուրս գալու դիմում է գրել: Նա նաև ԲՀԿ Արարատի կառույցի հիմնադիրն ու ղեկավարն էր: 

No comments:

Post a Comment