Ավելի քան 30 հազար հունգարացիներ դուրս են եկել Բուդապեշտի փողոցներ` իրենց դժգոհությունն արտահայտելով նոր Սահմանադրության դեմ: Քննադատների կարծիքով` նոր փաստաթուղթը երկրի ղեկավարության համար իշխանությունը պահելու փորձ է:
Ցուցարարները հավաքվել են Օպերային թատրոնի շենքի մոտ, որտեղ անցկացվում էր նոր Սահմանադրության ընդունման կապակցությամբ հանդիսավոր երեկույթ, որին մասնակցել են կառավարության ղեկավարն ու նախարարները: Ցուցարարները վստահ են, որ փոփոխված Հիմնական օրենքը Հունգարիայի համար ոչ մի լան բան չի կանխատեսում:
Նոր Սահմանադրության համաձայն` կուժեղացվի իշխանության վերահսկողությունը դատական համակարգի, կրոնական կառույցների և ԶԼՄ-ների հանդեպ:
Հիմնական օրենքի դեմ հանդես եկողներն ունեն նաև այլ փաստարկ. հունգարական իշխանությունները ծրագրում են սահմանափակել Կենտրոնական բանկի անկախությունը: Վարչապետ Վիկտոր Օրբանը վստահեցրել է բնակչությանը, որ այս քայլն ուղղված է երկրում ֆինանսական իրավիճակը կարգավորելուն: Սակայն նրա հետ համամիտ չեն Եվրամիությունում: Բրյուսելում Հունգարիայի իշխանություններին կոչ էր արվել վերանայել Մայր օրենքում փոփոխությունները:Սակայն դրանք նկատի չառնվեցին, ինչի պատճառով երկրում իրենց աշխատանքն են դադարեցրել Եվրահանձնաժողովի, Եվրոպական կենտրոնական բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցչությունները:
«Այնպիսի տպավորություն է, թե մեր վարչապետը նստած է ավտոբուսի ղեկին, որը գլորվում է անդունդը: Իսկ նա ասում է, որ մենք ճիշտ ուղով ենք գնում: Արդյունքում փրկվել կհաջողվի միայն նրան»,- ասել է ցուցարարներից մեկը:
Ցուցարարները նշել են, որ չեն դադարեցնի բողոքի ակցիաները, մինչև իրենց բացատրություն չտան, թե ինչ է կատարվում երկրում:
No comments:
Post a Comment