Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին պատրաստվում է բոլոր եվրոպական երկրներին կոչ անել ընդունելու Հայոց ցեղասպանությունը ժխտելը քրեականացնող օրինագիծ։ Այս մասին հաղորդում է թուրքական «Hurriyet» թերթը։
Ըստ նույն աղբյուրի՝ Ֆրանսիայի նախագահը առաջարկել է, որ ԵՄ բոլոր երկրներն ընդունեն այդ օրինագիծը։ Գերմանիայի կողմից ԵՄ–ն նախագահելու ժամանակ Եվրոպական միության անդամ բոլոր երկրներն ընդունել են ռասիզմի դեմ կոնվենցիան, որը վերաբերում է ռասայական խտրականությանը, քսենոֆոբիային եւ անհանդուրժողականությանը, ինչպես նաեւ հոլոքոստի մերժումը քրեականացնելուն։
Այժմ Ֆրանսիան նախատեսում է ԵԽ օրակարգ մտցնել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձևը։ Ըստ թուրքական «Hurriyet»–ի Ֆրանսիան այդ ուղղությամբ արդեն մի շարք քայլեր է ձեռնարկել, սակայն եվրոպական երկրները դեռ չեն արձագանքել Սարկոզիի նախաձեռնությանը։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին խորհրդարանի ստորին պալատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի վերաբերյալ կայացրած որոշմանը դրական էր արձագանքել, որից հետո օրինագիծն ուղարկվել էր Սենատի հաստատմանը։ Հունվարի 10-ին օրինագիծը Սենատի համապատասխան հանձնաժողովի կողմից օրինագիծը քննարկման է դրվելու։ Հունվարի 23-31–ն ընկած ժամանակահատվածում Սենատի կողմից օրինագիծն ընդունվելուց հետո կուղարկվի Սահմանդրական դատարան, որից հետո կներկայացվի նախագահին՝ այն վավերացնելու համար։
Նշենք, որ, ըստ օրինագծի, Հայոց ցեղասպանությունը հրապարակային ժխտողներին սպասվում է առնվազն մեկ տարի ազատազրկում կամ 45 հազ. եվրո տուգանք։ Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը դեկտեմբերի 22-ին հաստատեց վերանշյալ օրինագիծը, ինչի հետևանքով Թուրքիան և Ադրբեջանը Ֆրանսիայի հետ հարաբերությունները սառեցնելու հայտարարություններ էին հնչեցնում։
No comments:
Post a Comment